Հազարաւոր ընտանիքներ կը շարունակեն տառապիլ. Այսօր անյայտ կորսուածներու օրն է․ ԿԽՄԿ (Տեսանիւթ)

2021-08-30
Image

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպութեան Հայաստանի գրասենեակը յայտարարութիւն եւ տեսանիւթ տարածած է․ «Այսօր Անյայտ կորած անձանց միջազգային օրն է, որը յիշատակում է զինուած հակամարտութեան, բռնութեան, գաղթի ու բնական աղէտների հետեւանքով անյայտ կորած հարիւր հազարաւոր անձանց։ Յայտնում ենք մեր զօրակցութիւնն անյայտ կորածների ընտանիքներին եւ միասին յիշում նրանց անյայտ կորած հարազատներին։

Այս տարածաշրջանում հազարաւոր մարդիկ անյայտ կորել են Ղարաբաղեան հակամարտութեան առնչութեամբ։ Հազարաւոր ընտանիքներ շարունակում են տառապել՝ անտեղեակ իրենց սիրելիների ճակատագրի մասին։ Այդ մշտական անորոշութիւնը յուզական առումով հիւծում է ընտանիքներին, թողնում չսպիացող վէրքեր։ Ընտանիքներն ապրում են անորոշութեան խաւարում՝ յոյսի եւ յուսալքութեան սահմանագծին՝ չկարողանալով հաշտուել կամ սգալ։

«Չգիտեմ՝ տղաս որտեղ է, չգիտեմ՝ ո՞ղջ է․․․ ոչինչ չգիտեմ»,- ասում է Հայկանուշ Մանուկեանը, ում որդին անյայտ կորել է 2020 թ․-ի աշնանը՝ Ղարաբաղեան հակամարտութեան սրացման հետեւանքով։ «Խնդրում եմ բոլոր կազմակերպութիւններին, բոլորին։ Եթէ ինչ-որ մի բանով կարող էք օգնել, որեւէ տեղեկութիւն իմանալ, անտարբեր մի՛ եղէք, մի բան արէք»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) իր փորձագիտութեամբ աջակցում է պատկան մարմիններին՝ անյայտ կորած անձանց ճակատագիրը պարզելու եւ ընտանիքներին պատասխաններ տրամադրելու ուղղութեամբ։ Մենք համագործակցում ենք շահագրգիռ կառավարական կառոյցների հետ ողջ տարածաշրջանում՝ առաջարկելով մեր տեխնիկական փորձագիտական աջակցութիւնը։ Հայաստանում ԿԽՄԿ պատուիրակութեան միջոցով մենք նաեւ կիսում ենք աշխարհի այլ երկրներում ԿԽՄԿ-ի կուտակած փորձը ՝ ի աջակցութիւն Հայաստանի իշխանութիւնների ջանքերին։

«Մենք ցանկանում ենք, որ անյայտ կորած անձանց ընտանիքներն իմանան՝ նրանց հարազատները չեն մոռացուել։ Դուք միայնակ չէք, եւ մենք շարունակելու ենք աջակցել իշխանութիւններին՝ ձեռնարկելու հնարաւոր բոլոր միջոցներն ընտանիքներին պատասխաններ տրամադրելու համար։ Ընտանիքներն իրաւունք ունեն իմանալ՝ ինչ է պատահել իրենց հարազատների հետ, եւ իշխանութիւնների պարտականութիւնն է պաշտպանել այդ իրաւունքը»,- ըսած է ԿԽՄԿ գլխաւոր տնօրէն Ռոպերթ Մարթինին»։