Արցախը կրկին պիտի վերածնի ու պիտի շարունակէ իր յաւերժական ընթացքը. Արայիկ Յարութիւնեան

2021-02-20

ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանն իր դիմատետրեան էջին հետեւեալ գրառումը ըրած են․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1988 թուականի փետրուարի 20-ը հայ ժողովրդի տարեգրութեան մէջ է մտել որպէս ազգային ոգու վերազարթօնքի, կուռ միասնականութեան ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպէս պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու յաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ:

Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայութիւնն ապրում է իր պատմութեան ամենաբարդ ու ծանրագոյն շրջափուլերից մէկը, ապրում է՝ ճակատագրի հարուածներից կծկուած ու մի բուռ դարձած, ցաւից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում եւ արցունքն աչքերում անթեղած:

Ապրում է` իր մէջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ աւելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշդ է ու անշրջելի, որ, առաւել քան երբեւէ, այսօր ինքը պէտք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրեայ հերոսների արեամբ:

Եւ յանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կը վերածնուի, կը յառնի փլատակներից ու կը շարունակի իր յաւերժական ընթացքը: Մենք պարտաւո՛ր ենք շարունակել Արցախեան շարժման արժէքաբանական պայքարը եւ լինել աւելի ուժեղ, աւելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականօրէն պաշտպանելով մեր իրաւունքներն ու ազատութիւնները, ազգային շահերն ու արժէքները, պատիւն ու արժանապատւութիւնը:

Սա է հայ ժողովրդի յարատեւման ճանապարհը: Եւ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղութիւնն ու յաջողութիւնն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»: