Հայ գերիներու նկատմամբ խոշտանգումները կատարուած են էթնիք ատելութեան շարժառիթներով․ ՄԻՊ

2021-05-04
Image

Հաւաքագրուած տեսանիւթերու ու լուսանկարներու ուսումնասիրութիւնը ցոյց կու տայ, որ ատրպէյճանական զինուած ուժերու կողմէ հայկական կողմի գերիներու նկատմամբ խոշտանգումներն ու դաժանութիւնները, անմարդկային վերաբերմունքը կատարուած են էթնիք ատելութեան շարժառիթներով: Այս մասին յայտարարութիւն տարածած է Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը։

Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշուած է.

«Այսօր աւարտեցինք 297 տեսանիւթի եւ լուսանկարի վերլուծութիւն հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ատրպէյճանական վայրագութիւնների, հայկական պատմամշակութային ու կրօնական ժառանգութեան ոչնչացման ու անարգանքի վերաբերեալ:

Այդ տեսանիւթերն ու լուսանկարները, մասնաւորապէս, վերաբերում են (լրացում` նոյն մարդու կարող է մէկից աւելի տեսանիւթ կամ լուսանկար վերաբերել)

• 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատուութիւնը նուաստացնելուն.

• 17-ը գլխատումներին ու սպանութիւններին.

•  32-ը զոհուածների մարմինների նկատմամբ անարգանքին եւ մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել).

• 54-ը գերեվարուածների ընկերային ցանցերի էջերի կառավարմանը, այդ թուում՝ ատելութեան տարածմանը եւ գլխատուած զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն.

• 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դէմ արգելուած, այդ թուում՝ քիմիական տարրեր պարունակող զանգուածային ոչնչացման զինատեսակների կիրառութեանը.

• 26-ը հայկական պատմամշակութային ու կրօնական ժառանգութեան, այդ թուում՝ յուշարձանների եւ եկեղեցիների ոչնչացմանն ու վանտալիզիմին.

• 12-ը այն կայքերի ու ընկերային ցանցերի (Թելեկրամ, Ինսթակրամ եւ այլն) էջերի, որոնցով տարածուում էին ատելութիւն, թշնամանք բորբոքող, ինչպէս նաեւ հայկական կողմի գերիների նկատմամբ ատրպէյճանական դաժանութիւնների տեսանիւթեր կամ լուսանկարներ.

• 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրաւմանը կամ մասնակցութեանը:

...Նշուած բոլոր տեսանիւթերն ու լուսանկարները կ'ուղարկուեն միջազգային համապատասխան կառոյցներին, ինչպէս նաեւ ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրութիւններով:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ատրպէյճանական վայրագութիւնների վերաբերեալ ապացոյցների հաւաքագրումն ու հետազոտումը»։