Յանցանքը կատարողները ատրպէյճանական նորաստեղծ «Քոմանտօ» «Քոմանտօ» ջոկատին կը պատկանին. «Թաթոյեան Հիմնադրամ»

2022-10-03
Image

Իրաւունքի եւ արդարութեան կեդրոն «Թաթոյեան» հիմնադրամի ուսումնասիրութեամբ` նախնական վեր հանուած են տուեալներ, որ հայ գերեվարուած զինծառայողները գնդակահարելու տեսանիւթին մէջ յանցանքը կատարողները ատրպէյճանական նորաստեղծ «Քոմանտօ» («Komando») ջոկատի զինուորականներն են։ Սա նաեւ կը բխի թելեկրամեան ալիքներու տուեալներէն: Այս մասին յայտնած են «Թաթոյեան» հիմնադրամէն:

«Հայաստանի դէմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ատրպէյճանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողութիւններին այդ ջոկատի ակտիւ (աշխուժ) ներգրաւուածութիւնը փաստւում է նաեւ թելեկրամեան ալիքներով հրապարակուած բազմաթիւ տեսանիւթերում նրանց կրած համազգեստի արտաքին յատկանիշներով, նմանութիւններով, համադրութեամբ: Դրանից բացի, առկայ են տեսանիւթեր 2022թ. սեպտեմբերի 13-15-ից յետոյ «Քոմանտօ» ջոկատի զօրացրումների վերաբերեալ, որտեղ նոյնպէս նրանք նոյն համազգեստով են, ինչ յիշատակուած տեսանիւթում: 

Այս ջոկատը ստեղծուել է յատուկ նպատակով, այդ թուում՝ վայրագութիւնների ու դաժանութիւնների միջոցով ահաբեկելու հայ բնակչութեանը։ Մենք այս պնդումն անում ենք օբյեկտիւ (առարկայական) ապացոյցների հիման վրայ:

Ատրպէյճանական պատերազմական յանցանքները հիմնաւորող ապացոյցների մանրամասն ուսումնասիրման գործընթացը շարունակւում է եւ դրանք պատշաճ կամրագրուեն եւ կուղարկուեն նաեւ միջազգային գործընկերներին։

Մի բան միանշանակ է. Հայաստանը պէտք է անյապաղ դիմի Միջազգային քրէական դատարան`թէկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրաւազօրութիւնը` առանց վաւերացնելու:

Առաջնահերթն Ատրպէյճանի իշխանութիւնների, բանակի ու յատուկ ծառայութիւնների ղեկավարների միջազգային քրէական պատասխանատւութեան հարցն է: Այս անձանց միջազգային քրէական հետապնդումը, անգամ առնուազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակութիւն:

ՀՀ-ի դէմ ատրպէյճանական շարունակուող այս զանգուածային պատերազմական յանցագործութիւնների պայմաններում դա պէտք է անել րոպէ առաջ»: