Ինչ կը բանակցէին, եւ ինչ կը կը պահանջէր Միջազգային համայնքը Տէր Պետրոսեանի հրաժարականէն առաջ. Պետդեպի գաղտնազերծուած փաստաթուղթերը (Տեսանիւթ)

2023-02-06
Image

Ուղիղ 25 տարի առաջ` այս օրը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը հրաժարական ներկայացրեց` արձանագրելով, որ իր առջեւ դրուե՛լ է նման պահանջ յայտնի ուժերի կողմից:

«Եթէ ընդունել եմ հրաժարականի որոշում, հաւատացէք` դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետութեան համար համարել եմ աւելի վտանգաւոր», ասաց նա:

Հրաժարականի 4 րոպէանոց ելոյթում Տէր Պետրոսեանը չյստակեցրեց` ովքեր են այդ յայտնի ուժերը, ինչո՛ւ եւ ինչպէ՛ս են նման պահանջ դրել նախագահի առջեւ: Ակնարկեց, թէ ժամանակը կը տայ այդ հարցերի պատասխանները:

Հիմա Միացեալ Նահանգների Պետդեպի (արտաքին գործոց նախարարութեան – State Departement-Խմբ.) արխիւներում ի յայտ են գալիս գաղտնազերծուած փաստաթղթեր, որոնք վկայում են ոչ միայն հայաստանեան ներքաղաքական տարաձայնութիւնների, այլեւ միջազգային համայնքի կողմից փակ դռների ետեւում ներկայացուած պահանջների մասին:

Փաստացի, ղարաբաղեան խնդրի շուրջ բանակցային գործընթացը սկսել էր ակտիւանալ (աշխուժանալ) Տէր Պետրոսեանի հրաժարականից մէկ տարի առաջ` 97ին: Դրան նպաստող երկու գործօն կար. նախ, Ադրբեջանը սկսել էր առաջին պայմանագրերը կնքել գազատարների ու նաւթամուղների անցկացման շուրջ, եւ Արեւմուտքը շահագրգիռ էր, որ տարածաշրջանում կայունութիւն ու խաղաղութիւն հաստատուի: Միւս կողմից, այդ տարուայ Յունուարին կազմաւորուել էր նոր ձեւաչափ` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների ու Ֆրանսիայի համանախագահութիւնը: Ինչպէս Պետդեպի դիւանագիտական հեռագրերն են վկայում, այդ փուլում բոլոր երեքի շահերից էր բխում կարգաւորել այս հարցն ու դրանով իսկ ցոյց տալ, որ Արեւմուտքն ու Ռուսաստանը կարող են համագործակցել եւ նպաստել Եւրոպայի խաղաղութեանը:

Ուստի, համանախագահութեան հիմնումից մէկ ամիս անց արդէն` Փետրուարին, հարցը մտնում է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի` Փարիզում կայացած հանդիպման օրակարգ: Արեւմտեան երկու առաջնորդները ընդգծում են` պէտք է մէկ միասնական ճակատ կազմել եւ վերջ տալ այս պատմութեանը (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

Շաբաթներ անց` Փետրուարին, Ամերիկայի փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը հանդիպում է Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանեանին եւ խնդրում փոխանցել նախագահ Տէր Պետրոսեանին` Ղարաբաղով այլեւս զբաղւում են երեք գերտէրութիւններ, եւ այս փաստը չպէտք է անտեսել:

«Երեք կարեւոր երկրներ` կարեւոր շահերով, նաեւ ստանձնել են պատասխանատուութիւն: Թէ՛ Միացեալ Նահանգներում, թէ՛ Ֆրանսիայում եւ Ռուսաստանում գնալով մեծանում է շահերի համախմբումը` կողմերին առաջ մղելու հարցում: Տէր Պետրոսեանը չպէտք է աչք փակի` ճնշում է լինելու», ըստ գաղտնազերծուած փաստաթղթի, զգուշացնում է Ամերիկայի յատուկ յանձնարարութիւններով դեսպան Ջէյմս Քոլինզը (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Որ միջնորդները լուրջ էին բանակցութիւններն ակտիւացնելու (աշխուժացնելու) իրենց ջանքերում` երեւում է դիւանագիտական յաջորդ հեռագրից. օրեր անց ԱՄՆ փոխպետքարտուղարը հանդիպում է նախ ֆրանսիացի ու ռուս գործընկերների`Ժաք Բլոթի ու Բորիս Պաստուխովի, ապա` Ռուսաստանի արտգործնախարար Եւգենի Պրիմակովի հետ: Բոլոր երեք հանդիպումներում բոլոր երեք կողմերն ընդգծում են, որ պատրաստ են հանդէս գալ մէկ ճակատով եւ ակտիւացնել ճնշումները, որպէսզի կողմերը զիջումների գնան: Որոշւում է հարցը ներառել դրանից մէկ ամիս անց` Ապրիլին Հելսինկիում կայանալիք Ելցին-Քլինթոն հանդիպման օրակարգում: Թեման բացում է Միացեալ Նահանգների նախագահը` աշխատանքային ճաշի ժամանակ:

ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը եւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը

«Ես ուզում եմ ընդարձակել մեր համագործակցութիւնը արտաքին քաղաքականութեան հարցերի, մէկը` Ղարաբաղի շուրջ: Դրա լուծումը բխում է բոլորիս շահերից, եւ ես պատրաստ եմ աշխատել ձեզ հետ մեռեալ կէտից առաջ շարժուելու համար», ասում է Քլինթոնը:

Ելցինն ի պատասխան պնդում է` Մոսկուան միայն ուրախ է Վաշինգտոնի ներգրաւուածութիւնից. «Մենք չենք խանդի, վստահ եմ, որ ձեր ազդեցութիւնը դրական կը լինի» (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

ՌԴ նախկին արտգործնախարար Եւգենի Պրիմակովը եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

«Հրադադարը վստահութիւն է ներշնչել հայերին ու ադրբեջանցիներին, եւ նրանք հակուած չեն գնալ զիջումների: Բայց մենք պէտք է հասկացնենք կողմերին, որ նրանց յամառութիւնը կարող է յանգեցնել անցանկալի հետեւանքների», խորհուրդ է տալիս Պրիմակովը (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Յաջորդ օրն իսկ Ամերիկայի փոխպետքարտուղարը հեռախօսազրոյց է ունենում Թուրքիայի փոխարտգործնախարար Օյմենի հետ:

«Օյմենը պատմեց, որ ինքը դրանից մի քանի օր առաջ Ստամբուլում մասնաւոր զրոյց է ունեցել Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Իւանովի հետ, ով ասել է, թէ Մոսկուան պատրաստ է առաջ շարժուել Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթէ Իւանովը նման զգացողութիւն ունի, ուրեմն արժէ փորձել», ասուած է Պետդեպի գաղտնի փաստաթղթում (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Դրանից երկու շաբաթ անց արդէն երեք միջնորդները հանդիպում են Վաշինգտոնում եւ առաջին անգամ համատեղում իրենց գաղափարները` կազմելով մէկ միասնական փաստաթուղթ:

Օրեր անց համատեղ այդ փաստաթուղթը քննարկւում եւ ընդունւում է նախագահների մակարդակով` Քլինթոնի, Ելցինի ու Շիրակի փարիզեան հանդիպման ժամանակ:

«Ղարաբաղեան հարցի կարգաւորումը շատ հարցեր կը լուծի այսօր եւ կը ձերբազատի մեզ բազմաթիւ խնդիրներից, որ կարող են ծագել վաղը», ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի` ասում է Քլինթոնը Ելցինին (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Մայիսի վերջին արդէն միջնորդները այդ փաստաթուղթը, որը յետոյ յայտնի դարձաւ որպէս փաթեթային տարբերակ, բերում են տարածաշրջան: Հայաստանի նախագահի հետ հանդիպման առաջին րոպէներից մինչեւ վերջին պահը բանագնացները միեւնոյն միտքն են ընդգծում` իրենք միասնական են եւ լուրջ են տրամադրուած (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ ):

«Երեք երկրները` նախագահներից սկսած մինչեւ նրանց կառավարութիւններ, ամենայն պատասխանատուութեամբ տքնաջան աշխատել են խաղաղութեան գործընթացն առաջ տանելու համար», ըստ գաղտնազերծուած փաստաթղթի ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարը Տէր Պետրոսեանին՝ ընդգծելով. «Միջազգային համայնքն ակնկալում է, որ կողմերն իրենց ջանքերին պատշաճ լրջութեամբ կ՛արձագանգեն»:

Ֆրանսիացի միջնորդ Ժաք Բլոթը զգուշացնում է. «Նախկինում կողմերը հակուած էին խաղալ միջնորդ երկրների տարաձայնութիւնների վրայ` նրանց հանելով մէկը միւսի դէմ, սակայն հիմա համանախագահները միասնական են»:

Ռուսաստանի դեսպանը եւս հաւաստում է. «Ժամանակն է հասնել համաձայնութեան»:

Միացեալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդները, իրենց հերթին, այդ օրերին Դենվերում`«Մեծ ութնեակի» գագաթնաժողովում, առաջին համատեղ յայտարարութիւնն են ընդունում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ:

«Զինադադարն ինքնին բաւարար չէ: Միջազգային հանրութիւնը յորդորում է հասնել վերջնական կարգաւորման, եւ մենք համոզուած ենք, որ տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղութեան հաստատումը չպէտք է ձգձգուի», յայտարարել էին Ելցինը, Քլինթոնը եւ Շիրակը:

Չնայած եռանախագահութեան աննախադէպ այս ջանքերին ու միասնութեանը` տեղում բանակցութիւնները առաջ չեն գնում:

«Կարծում եմ` մենք պէտք է գործի անցնենք, քանի որ եթէ չանենք, մեզ խրտուիլակի տեղ կը դնեն», Դենվերում հանդիպելով պետքարտուղար Օլբրայթին` ասում է Ռուսաստանի արտգործնախարարը` առաջարկելով կիրառել սպառնալիքներ ու պատժամիջոցներ. «Մենք պէտք է ատամ ցոյց տանք: Դո՛ւք`ամերիկացինե՛րդ, կարող էք ինչ որ բան անել ազերիների հետ` որպէս լծակ օգտագործելով նաւթը: Կարող էք ասել, որ եթէ գործը գլուխ չգայ, չէք քաջալերի ձեր ընկերութիւններին օգնել Ադրբեջանին նաւթի արդիւնահանման հարցում: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք զէնքը կ՛օգտագործենք որպէս լծակ, այլ կերպ ասած`  Ռուսաստանը կարող է սպառնալ Հայաստանին, թէ զէնք չի տայ, իսկ դուք կարող էք նաւթի գործօնն առաջ տանել» (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Չնայած այս զգուշացումներին` Ստեփանակերտն ու Բաքուն կտրականապէս մերժում են փաթեթային տարբերակը: Մօտ երկու ամսից համանախագահները ներկայացնում են նոր` փուլային պլանը (ծրագիրը), որի հիմքում շարունակում են մնալ միեւնոյն սկզբունքները, բայց ընտրւում է իրականացման, այսպէս ասած, երկարաձգուած տարբերակը: Մասնաւորապէս, եթէ առաջինը` փաթեթայինը, ենթադրում էր, որ տարածքների վերադարձն ու կարգավիճակի որոշումը պէտք է լինեն միաժամանակ, ապա հիմա միջնորդները առաջարկում են նախ ազատագրել տարածքները, վերադարձնել փախստականներին, ապահովել Ղարաբաղի անվտանգութիւնն ու ինքնակառավարումը, ապա` անդրադառնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ու Ղարաբաղի կարգավիճակի հարցերին:

Համանախագահների հետեւողական այս ջանքերի ֆոնին (խորապատկերին)` Հայաստանի նախագահը Սեպտեմբերին ասուլիս է հրաւիրում եւ արձանագրում, թէ որքան վտանգաւոր է հայկական կողմի համար դէմ գնալ միջազգային հանրութեան կամքին. «Ի՞նչ է, միջազգային հանրութիւնը թոյլ է տալու, որ 20 կամ 30 տարի պահպանուի՞ այս վիճակը: Դա բացառուած է, եւ միջազգային հանրութիւնը կը գտնի ձեւեր, միջոցներ` այնքան խեղճացնելու մեզ, որ ոչ միայն չկարողանանք ձեռք բերել այն, ինչ որ այսօր կարող ենք ձեռք բերել փոխզիջումների ճանապարհով, այլեւ շատ աւելի վատ վիճակի մէջ ընկնել»:

Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը

Տէր Պետրոսեանի ասուլիսից երեք օր անց Ռուսաստանի արտգործնախարար Պրիմակովը հանդիպում է ԱՄՆ փոխպետքարտուղարին ու զգուշացնում` Տէր Պետրոսեանը լուրջ քննադատութեան թիրախում է յայտնուել խիզախ դիրքորոշման համար, եւ նրան պէտք է աջակցել: Տարածաշրջանին քաջածանօթ Պրիմակովն ընդգծում է` «Վաղ թէ ուշ անհրաժեշտ է լինելու ճնշում բանեցնել Լեռնային Ղարաբաղի վրայ» (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Միջնորդները սկսում են քննարկել` ինչպէս համոզել Ստեփանակերտին: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Հոկտեմբերին, Ստրասբուրգում հանդիպելով Հայաստանի նախագահին, առաջարկում է վարչապետ դարձած Քոչարեանին ու միւս ազդեցիկ ղարաբաղցիներին հրաւիրել Փարիզ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախկին նախագահներ Լեւոն Տէր Պետրոսեանը եւ Ժակ Շիրակը

«Նպատակն է ճնշել, որ նրանք համաձայնութեան գան: Յետոյ Քոչարեանը կարող է հրաւիրուել Մոսկուա, ապա` Նիւ Եորք, որտեղ եւս նրան միեւնոյն բանը կ՛ասուի», ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի` առաջարկել է Ֆրանսիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ փոխպետքարտուղարին (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Գաղափարը, սակայն, որեւէ արդիւնք չի տալիս: Քոչարեանի այցից յետոյ Ֆրանսիայի փոխարտգործնախարարը գաղտնի հեռագրով փոխանցում է Վաշինգտոն. «Մեզ չյաջողուեց որեւէ իրական փոփոխութեան հասնել Քոչարեանի դիրքորոշումներում, եւ մենք բանակցութիւնների սկսման որեւէ իրական հեռանկար չենք տեսնում» (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

Հայաստանի նախկին ղեկավարները` Ռոբերտ Քոչարեանն ու Լեւոն Տէր Պետրոսեանը

Փորձելով բացատրել միջազգային համայնքին կտրուկ մերժելու այդ ֆենոմենը (երեւոյթը)` միջնորդներն անգամ ենթադրում են, թէ գուցէ Տէր Պետրոսեանն ու Քոչարեանը համաձայնեցուած խաղ են խաղում. մէկը մերժում է միջնորդներին, միւսը` յայտարարում, թէ պատրաստ է փոխզիջումների:

Մինչդեռ, իրականում ամէն ինչ աւելի քան լուրջ էր. Երեւանում ներիշխանական պայքարը խորանում էր ժամ առ ժամ: Առաջինը, ըստ դիւանագիտական գաղտնի հեռագրերի, այդ մասին կռահում է Ռուսաստանի արտգործնախարար Եւգենի Պրիմակովը:

Տէր Պետրոսեանի հրաժարականից դեռ մէկ ամիս առաջ` Յունուարին, Շուէդիայում հանդիպելով ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին` Պրիմակովն ասում է. «Քոչարեանն ուզում է դառնալ Հայաստանի նախագահ: Ղարաբաղի հայերը խոչընդոտ են, եկէք ի զուր այս հարցի շուրջ ջուր չծեծենք, փոխարէնը քննարկենք` ինչ կարող ենք անել» (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ ):

Պրիմակովն առաջարկում է խստացնել ճնշումները Ղարաբաղի իշխանութիւնների նկատմամբ ու շտապ կարգով այնտեղ դիւանագիտական դեսանտ (յարձակում) իջեցնել:

«Եթէ Մինսկի խմբի միջնորդները մեկնեն Ստեփանակերտ` որպէս, այսպէս ասած, երեք շատ լուրջ երկրների ներկայացուցիչներ, դա ինչ-որ արդիւնք կ՛ունենայ: Դա ցոյց կը տայ, որ ընդդիմանալով խաղաղ կարգաւորմանը` նրանք դէմ են գնում ողջ աշխարհի կամքին», գաղտնի հեռագրի համաձայն, ասել է Ռուսաստանի արտգործնախարարը փոխպետքարտուղարին:

Թալբոթը համաձայնում է՝ անհրաժեշտ է աջակցել Տէր Պետրոսեանին, ընդունում է, որ նրա ու Քոչարեանի միջեւ իրական պայքար է սկսուել: Միաժամանակ, հրաժարւում է մեկնել Ստեփանակերտ ու Պրիմակովին ցնցող մանրամասներ պատմում միջնորդների` Ղարաբաղ կատարած վերջին այցի վերաբերեալ:

«Վերջին անգամ Արկադի Ղուկասեանը մեզ` համանախագահներիս համեմատեց ստալինեան բռնաճնշումների ժամանակ գործող տխրահռչակ тройка-ների (Troika) հետ, մեղադրեց մեզ Ղարաբաղի հայերի բնաջնջումը կազմակերպելու մէջ: Ես չեմ շտապում եւս մէկ անգամ նման ընդունելութեան արժանանալ», խոստովանում է ԱՄՆ փոխպետքարտուղարը:

Դիւանագէտները որոշում են մի քանի օրից կրկին հանդիպել Փարիզում: Մինչ այդ` Պրիմակով-Թալբոթ այս զրոյցից երկու շաբաթ անց, Տէր Պետրոսեանը հրաժարական է տալիս:

«Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանութիւնից կամ գնահատականից` իրադրութիւնը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանութեան ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամէնը պատրուակ էր: Խնդիրը շատ աւելի խորն է եւ կապուած պետականութեան հիմնադրոյթների, խաղաղութեան ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կեանքը ցոյց կը տայ, թէ ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն», իր խօսքում նշում է առաջին նախագահը:

Այդ օրերին սեղանին դրուած տարբերակն առաջարկում էր դուրս բերել հայկական ուժերը գրաւեալ տարածքներից` բացառութեամբ Լաչինի, կողմերի միջեւ ստեղծել բաժանարար գիծ` բուֆերային (արգելակ հանդիսացող) գօտի, որն ամբողջութեամբ պէտք է մնար չբնակեցուած եւ ԵԱՀԿ ուժերի հսկողութեան տակ: Լաչինի միջանցքը պէտք է լինէր ոչ թէ այսօրուայ պէս` 5, այլ` 22 կմ., եւ Ադրբեջանը այն պէտք է վարձակալութեան տար ԵԱՀԿին, որն իր հերթին պէտք է օգտագործման յանձնէր Արցախի իշխանութիւններին:

Լեռնային Ղարաբաղը պէտք է ունենար իր սեփական դրօշը, զինանշանը, օրհներգը եւ Սահմանադրութիւնը: Քաղաքացիները կարող էին զինուորական ծառայութիւնն անցնել Ղարաբաղի տարածքում, իսկ Ադրբեջանի բանակը, անվտանգութեան ուժերը եւ ոստիկանութիւնը իրաւունք չէին ունենալու մտնել Լեռնային Ղարաբաղ առանց տեղական իշխանութիւնների թոյլտուութեան: Ստեփանակերտը նաեւ իրաւունք էր ստանում արտաքին կապեր հաստատել օտարերկրեայ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ տնտեսութեան, գիտութեան, մշակոյթի, սպորտի (մարմնակրթութեան) եւ մարդասիրական հարցերի ոլորտներում: Այս քայլերից յետոյ արդէն` յաջորդ փուլում, առաջարկւում էր անցնել կարգավիճակի յստակեցմանը: Մինչ այդ միջազգային համայնքը խոստանում էր խաղաղապահ ուժեր տեղակայել` դառնալով անվտանգութեան երաշխաւոր:

Դիւանագիտական փաստաթղթերը վկայում են, որ հարցի շուրջ դռնփակ բանակցութիւններում միջնորդները շարունակ ընդգծել են` սա լաւագոյնն է, որ անցել է իրենց մտքով, եւ լաւագոյնը, որ իրենք կարող են առաջարկել կողմերին: Զուգահեռ, գերտերութիւնները զգուշացնում էին հայկական կողմին` չգնալով լուծման` Հայաստանը կորցնում է զարգացման ու բարգաւաճման հնարաւորութիւնները:

«Ժամանակը աշխատում է Երեւանի դէմ. մինչ Ադրբեջանը հարստանում է, Հայաստանը գտնւում է լճացման մէջ», ըստ Մոսկուայից Վաշինգտոն ուղարկուած դիւանագիտական հեռագրի` 97ին ասել էր Պրիմակովը (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

«1997ը գազամուղների ու տրանսպորտային գծերի հարցով որոշում կայացնելու տարի է: Եթէ հայկական կողմը չկարողանայ մասնակցել տարածաշրջանային զարգացումներին, դա թանկ կը նստի Հայաստանի վրայ, ինչը որեւէ մէկի շահերից չի բխում», դրանից ամիսներ առաջ զգուշացրել էր Ամերիկայի յատուկ յանձնարարութիւններով դեսպան Ջէյմս Քոլինզը Հայաստանի արտգործնախարարին:

Փոխպետքարտուղար Սրթոբ Թալբոթն էլ ընդգծել էր` Հայաստանի մասնակցութիւնը էներգետիկ (ուժանիւթի) ծրագրերին ու տարածաշրջանային նախագծերին կախուած է ղարաբաղեան խնդրի կարգաւորումից (փաստաթուղթը կարող էք ներբեռնել այստեղ):

«Նախագահ Քլինթոնի համոզմամբ, անհրաժեշտ է Հայաստանը մասնակից դարձնել տարածաշրջանում սպասուող տնտեսական աճին»,  դիւանագիտական փաստաթղթերից մէկի համաձայն` ասել էր Սթրոբ Թալբոթը: Բարձրաստիճան դիւանագէտը խօսել էր «Նայիրիտ»ի վերագործարկման հնարաւորութեան մասին ու միաժամանակ զգուշացրել. «Սա ցոյց է տալիս, թէ ինչ ծրագրեր են տապալւում հակամարտութեան պատճառով: Որեւէ բան տեղի չի ունենայ առանց խաղաղութեան»:

Առաջին նախագահի հրաժարականից յետոյ` աւելի քան երկու տասնամեակ, Հայաստանի բոլոր երեք առաջնորդները որդեգրեցին ստատուս քուոն (հաստատուած իրավիճակը) պահելու քաղաքականութիւնը: Բոլոր երեքն իրենց իշխանութեան տարբեր փուլերում Տէր Պետրոսեանին մեղադրեցին պարտուողականութեան ու դաւաճանութեան մէջ:

 3 Փետրուար 2023

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»