Արցախը կանգնած է պարէնային եւ մարդասիրական ճգնաժամի վերահաս վտանգի առաջ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն յայտարարութիւն տարածած է Լաչինի միջանցքին մէջ ատրպէյճանական սադրանքի վերաբերեալ։
Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, նշուած է.
«2022 թուականի դեկտեմբերի 12-ի առաւօտեան, Ատրպէյճանական Հանրապետութեան մի խումբ, ներկայանալով որպէս բնապահպանական ակտիւիստներ, Շուշիի մօտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն եւ անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետութեան վարչապետի, Ատրպէյճանական Հանրապետութեան նախագահի, Ռուսաստանի Դաշնութեան նախագահի 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ստեղծուել է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապն ապահովելու նպատակով:
Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստութիւնները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ եւ ակնյայտ է, որ տուեալ սադրանքը կազմակերպուել է Ատրպէյճանի պետական մարմինների կողմից, նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետութեան եւ այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից:
Այս գործողութեան հետեւանքով ԼՂ բնակիչները զրկուել են ազատ տեղաշարժի իրաւունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարէնային եւ հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ:
Ստեղծուած իրավիճակը ուղիղ հակադրութեան մէջ է 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտի հետ, համաձայն որի՝
ա) Լաչինի միջանցքը գտնւում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ,
բ) Ատրպէյճանական Հանրապետութիւնը երաշխաւորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկութեան անվտանգութիւնը:
Այսպիսով, Ատրպէյճանը կոպտօրէն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտաւորութիւնը: Ատրպէյճանի այս վարքագիծը ոչ միայն ակներեւ է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքների եւ անվտանգութեան խնդիրը հասցէագրելու եւ այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխօսելու մտադրութեան բացակայութիւնը, այլեւ հերթական անգամ վկայում է պաշտօնական Բաքուի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականութեան շարունակականութեան մասին:
Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտայայտումն է բազմաթիւ ահազանգերի, որ Ատրպէյճանը Լեռնային Ղարաբաղի հայութեան նկատմամբ ցեղասպանութեան քաղաքականութիւն է որդեգրել: Ատրպէյճանական Զինուած Ուժերի կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայութեան գոյաբանական վտանգը աւելի առարկայական են դարձնում:
Ընդգծում ենք, որ միջազգային պարտաւորութիւնների, այդ թուում նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնով ստանձնած յանձնառութիւնների անշեղօրէն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստօրէն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողութեան ներքոյ տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան ու կայունութեան հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցութեան համար:
Ողջ միջազգային հանրութեան, այդ թուում` ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի, ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող եւ անդամ երկրների հրատապ ուշադրութիւնն ենք հրաւիրում, որ Ատրպէյճանի գործողութիւնները կարող են յանգեցնել լայնածաւալ հումանիտար աղէտի: Ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հայութեան իրաւունքների եւ անվտանգութեան ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման անհրաժեշտութիւնը եւ այս նպատակով առաջիկայում խորհրդակցութիւններ կը սկսենք միջազգային գործընկերների հետ»։