Ռուսիան Հայաստանէն համարեա կ'ուզէ այն, ինչ՝ Ուքրանիայէն․ Armtimes

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ընտանիքին պատկանող Armtimes կայքը, յղում ընելով իր հաւաստի աղբիւրին, «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտութիւն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրութեան» խորագրեալ յօդուած հրապարակած է, ուր բացատրած է թէ ինչ կ'ուզէ Ռուսիան Հայաստանէն․
«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկութիւնները տեղաւորւում են նրա գլոբալ ցանկութիւնների շղթայի մէջ եւ Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկութիւնների շղթայի մի օղակն են։
Ռուսաստանը Հայաստանից համարեա ուզում է այն, ինչ ուզում է Ուքրանիայից, որ այն դառնայ «Ռուսաստան-Պելառուս» միութենական պետութեան կամ Ռուսաստանի մաս։ Ու եթէ Ուքրանիայի դէպքում նման արդիւնքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական եւ գուցէ պելառուսական զօրքերը, Հայաստանի դէպքում օգտագործում է Ատրպէյճանի եւ որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայուած ռուսական զօրքերը։
Գործողութիւնների իմաստը հետեւեալն է՝ ցոյց տալ Հայաստանի անվտանգային խոցելիութիւնը, որպէսզի վերջինս րոպէ առաջ դիմի «Ռուսաստան-Պելառուս» միութենական պետութեան մաս դառնալու համար։ Այս տրամաբանութիւնը զարգացնելու քայլերը Ատրպէյճանի ագրեսիւութիւնն է (յարձակողականութիւնը), ՀՀ-ում տեղակայուած ռուսական զօրքի իներտութիւնը (անգործութիւնը), Ռուսաստանի քաղաքական իներտութիւնը եւ Հայաստանին զէնքի մատակարարման պարտաւորութիւնները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ եւ օգտագործուել է նաեւ նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ եւ յետոյ։ Հայաստանը պէտք է հնարաւորինս խոցելի լինի, որ հնարաւորինս պինդ գրկի Ռուսաստանին։
Ղարաբաղի պարագան եւս մտնում է այս տրամաբանութեան մէջ, որոշակի տարբերութեամբ։ Ռուսաստանին պէտք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծուած, որպէս ազդեցութեան լծակ թէ Հայաստանի, թէ Ատրպէյճանի վրայ։ Այս ցանկութիւնն է եղել ԼՂ հակամարտութեան գօտում տասնամեակներ հաստատուած ստատուս քոյի անկիւնաքարը եւ այս անկիւնաքարի վրայ հիմնուելով է հնարաւոր եղել բանակցութիւնները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականութիւնը։ Սա շարունակուել է մինչեւ 2011 թուականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը յանգել է ստատուս քոյի փոփոխութեան անհրաժեշտութեանը։
Այս եզրակացութեանը ՌԴ-ն եկել է ոչ թէ այն պատճառով, որ այլեւս ուզում է ԼՂ հարցի կարգաւորում, այլ որովհետեւ սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քոն։ Առանցքային պատճառներից մէկը Թուրքիայի աճող դերն է եւ Արեւմուտքի հետ ՌԴ այլեւս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թէ քիչ հաւասարակշռուած դիրքորոշման կարեւորութիւնը Ռուսաստանի համար։ Այստեղ է պէտք փնտռել 44-օրեայ պատերազմի պատճառը։
Նաեւ այն, որ Արեւմուտքի հետ կանխատեսելի կամ պլանաւորուող բախման պայմաններում, երբ ակնյայտօրէն արեւմտեան տրանսպորտային (փոխադրային) ուղիները պիտի փակուէին, կամ առնուազն կասկածի տակ յայտնուէին, Ռուսաստանի համար չափազանց կարեւոր էր Տարտանելի եւ Վոսֆորի նեղուցների՝ իր համար շատ թէ քիչ բնականոն գործունէութիւնն ապահովելը (հակառակ դէպքում Սեւ ծովը ՌԴ-ի համար կը դառնար սովորական մի լիճ), ինչպէս նաեւ Թուրքիայի միջոցով դէպի Արեւմուտք ցամաքային կապի ապահովումը։
ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Ապխազիայի եւ Հարաւային Օսիայի կոնֆլիկտների (բախումների) պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացուելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչեւ ուքրանական կոնֆլիկտը (հակամարտութիւնը)աշխատում էր ծանրաբեռնուած։
Եւ հետեւաբար՝ այս հարցի արդիւնաւէտ լուծման միջոցը Հայաստան-Ատրպէյճան առանցքի օգտագործումն էր լինելու։
Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լաւրովեան պլանը նախատեսում էր հարաւային շրջանների յանձնում Ատրպէյճանին, որ Օրտուպատ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու եւ ավտոճանապարհների երթուղին ազատուէր խոչընդոտներից։
Այս իմաստով՝ չնայած հրապարակային յայտարարութիւններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետեւ թէ Ատրպէյճանը, թէ Թուրքիան, թէ Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողութեան ներքոյ։ Էականը վերջին գործօնն է, որովհետեւ ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կայ։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։
Ուքրաինայում գործերի ոչ այնքան յաջող ընթացքը ըստ էութեան աւելի է սրել 2011-ից յետոյ հաստատուած այն վիճակը, որ Ռուսաստանը դժուարանում է հիմա արդէն 2020 թուականից յետոյ հաստատուած ստատուս քոյի երաշխաւորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայութիւնն են։
Թուրքիայի եւ Ատրպէյճանի դերը աւելի է մեծացել եւ հիմա Ատրպէյճանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ կազի եւ նաւթի արտահանման հարթակ։
Հաւաստի Աղբիւր»։