Արցախէն մանրամասներ յայտնած են Ատրպէյճանի ներկայացուցիչներու հետ հանդիպումէն

Ի կատարումն Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդի 2023 թուականի փետրուար 28-ի նիստին կայացուած որոշման՝ ստեղծուած է աշխատանքային խումբ, որու նպատակն է ատրպէյճանական կողմի հետ քննարկել հրատապ մարդասիրական հարցեր։ Այս մասին կը հաղորդէ Արցախի Անվտանգութեան խորհուրդը:
Խումբի ղեկավարն է Արցախի Հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Սամուէլ Շահրամանեան։
«Արցախի Հանրապետութիւնում տեղակայուած Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախմբի հրամանատարութեան միջնորդութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն՝ 2023 թուականի մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զօրախմբի շտաբում՝ զօրախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անտրէյ Վոլկովի մասնակցութեամբ, անց է կացուել արցախեան եւ ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետութեան կողմից ձեւաւորուած համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետութեան Միլի Մեճլիսի պատգամաւոր Ռամին Մամետովի գլխաւորութեամբ։
Հանդիպման օրակարգային հարցերն էին․
1. Արցախի Հանրապետութիւն բնական կազի մատակարարման անխափանութեան ապահովումը եւ հետագայ կազանջատումների բացառումը:
2. Արցախի Հանրապետութեան ելեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետութիւնից Արցախ մտնող միակ բարձրավոլթ գծի՝ Ադրբեջանի զինուած ուժերի վերահսկողութեան ներքոյ գտնուող հատուածի զննման եւ «Արցախէներգո» ՓԲԸ (Փակ բաժնետիրական ընկերութիւն) մասնագէտների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարաւորութեան ապահովումը.
3. Կաշէնի եւ Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մէկանգամեայ տեսողական շրջայցի կազմակերպումը.
4. Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։
Բացման խօսքում խաղաղապահ զօրախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպէս Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան կողմեր։ Այնուհետեւ արցախեան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխաւորած խմբի լիազօրութիւնները, այն է՝ վերը նշուած կոնկրետ (յստակ) հարցերի քննարկումը եւ դրանց վերաբերեալ լուծումների որոնումը։
Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրոյցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման (համարկման) անհրաժեշտութեան ուղղութեամբ՝ ներկայացնելով այդ դէպքում հնարաւոր սոցիալ-տնտեսական (ընկերա-տնտեսական) առաւելութիւնների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախեան խմբի ղեկավարը հակազդել է՝ յորդորելով քննարկում իրականացնել յստակ առաջադրուած հարցերով։ Վերջինս ընդգծել է նաեւ, որ հումանիտար (մարդասիրական) ու ենթակառուցուածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտութեան համապարփակ կարգաւորման հիմնական հարցերին, եւ դրա համար անհրաժեշտ է ձեւաւորել միջազգային լայն աջակցութեամբ ձեւաչափ:
Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի միւս անդամները զբաղուել են վերը նշուած չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ եւ լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագայ ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանուած շրջանակներին։
Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդիւնքներով ձեռք են բերուել կոնկրետ պայմանաւորուածութիւններ, որոնք ադրբեջանական կողմը պարտաւորուել է զեկուցել վերադաս մարմիններին եւ առաջիկայ օրերի ընթացքում, խաղաղապահ զօրախմբի միջոցով, արդիւնքների մասին տեղեկացնել արցախեան կողմին։
Հանդիպման ընթացքում ձեռք է բերուել նաեւ կողմերի միջեւ յետադարձ կապի կայուն մեխանիզմի (մեքենականութեան) ձեւաւորման պայմանաւորուածութիւն։
Հանդիպմանը կողմերը պայմանաւորուել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատւութիւն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռեւս գտնւում է աշխատանքային փուլում։ Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատուական հարթակներում հանդէս է եկել հարցազրոյցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակութիւնից ու գործընթացից շեղուած ապատեղեկատւութիւն է տարածել, մասնաւորապէս յայտարարելով, որ հանդիպմանը քննարկուել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչութեան՝ Ադրբեջանին վերաինտեգրուելու հարցեր»։
Ադրբեջանական պաշտօնեաների եւ մամուլի միջոցների այս զեղծարարութիւնը, ցաւօք, օգտագործուել է նաեւ հայկական լրատուադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թիւր տպաւորութիւն, թէ, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկւում են հակամարտութեան համապարփակ կարգաւորմանն առնչուող հարցեր: Մինչդեռ, ինչպէս նշեցինք, մարտի 1-ի հանդիպումը, որին, կրկնում ենք, մասնակցել է նաեւ ՌԴ խաղաղապահ զօրախմբի հրամանատարը, նուիրուած է եղել միայն Արցախի շրջափակման ու դրան առնչուող խնդիրների վերացման քայլերի քննարկմանը։
Ադրբեջանական յաջորդ ապատեղեկատւութիւնը, որի համաձայն՝ կողմերի պաշտօնական ներկայացուցիչների յաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գեանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զօրակազմի մասնակցութեան, եւս չի համապատասխանում իրականութեանը:
Յորդորում ենք չտրուել ադրբեջանական քարոզչամեքենայի յերիւրանքներին եւ համոզուած լինել, որ վերը նշուած գործընթացի եւ դրա արդիւնքների մասին հանրութեանը տրուելու է սպառիչ տեղեկատւութիւն»,- յայտնած է Արցախի անվտանգութեան խորհուրդի գրասենեակը ։