ՌԱԿ Շիրակի Շրջանակի «Փանոս Թերլեմեզյան» Երիտասարդական Ակումբի Միջոցառում-Նվերը Գյումրեցի Երեխաներին

2024-09-26
Image

Սեպտեմբերի 22-ը անձրևային էր Գյումրիում, փոխարենը արևոտ էր գյումրեցի մանուկների տրամադրությունը:

Իրականություն դարձավ ՌԱԿ Շիրակի շրջանակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի նախաձեռնությունը` բեմադրել և տպագրել ակումբի անդամներ, ԵԿԹՊԻ Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանողուհիներ Տաթևիկ Պետրոսյանի և Նադեժդա Ավետիսյանի հեղինակած «Միմզի մոլորակը» հիասքանչ հեքիաթ-թատերգությունը:

Բեմադրությունը նույնպես կյանքի կոչեցին պիեսի հեղինակները` իրենց իսկ նկարչական և երաժշտական ձևավորմամբ, խմբագիրը Գյումրու Վ.Աճեմյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանն է:

Գիրք-հեքիաթը գունավոր նկարազարդել է ակումբի անդամ Անի Խաչատրյանը:

Ներկայացման մասնակից-դերակատարները Գյումրու «Նարեկ» թատերական ստուդիայի 4-14 տարեկան 14 երեխաներն են` բեմադրիչներ-պիեսի հեղինակների ղեկավարությամբ:

Պիեսն ունի բարոյախրատական նշանակություն: Այն գոյություն չունեցող մոլորակի մասին է, որտեղ բնակվում են միայն փոքրիկները և պատասխանատու են տիեզերքում կատարվող մեծ երևույթների համար:

Պիեսը սովորեցնում է, թե իրականում որքան ուժ կա փոքրիկների մեջ և, թե յուրաքանչյուրն ինչքան բան կարող է անել Մոլորակն ավելի լավը դարձնելու համար:

Առաջնախաղը և գիրք-հեքիաթի շնորհանդեսը մեծ հաջողությամբ կայացավ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դահլիճում, որտեղ առաջին շարքում, իհարկե, երեխաներն էին:

Բեմադրության և հեքիաթի տպագրությունը իրականացվեց ՌԱԿ Հանրապետական վարչության հովանավորութամբ:

Միջոցառմանը ներկա էին ՌԱԿ ԱՄՆ, Ավստրալիայի, Հորդանանի և Լիբանանի շրջանակների ատենապետներն ու անդամները` Կենտրոնական վարչության փոխատենապետ ընկեր Ալեքսան Կարադանայանի և ՌԱԿ Հանրապետական վարչության անդամները` ատենապետ ընկեր Հրաչյա Կարապետյանի գլխավորությամբ:

Նախքան միջոցառումը երկու` Սփյուռքի և Հայաստանի վարչությունների անդամները ՌԱԿ Շիրակի շրջանային գրասենյակում ունեցան հանդիպում և համատեղ քննարկում կուսակցական գործերի վերաբերյալ` կարևորելով ՌԱԿ Սփյուռք-Հայաստան միասնական և համատեղ փոխշփումներն ու միջոցառումները: Երկու վարչությունների ներկայացուցիչները բարձր գնահատեցին օրվա միջոցառման կարևորությունը և կազմակերպիչների ջանքերը:

Առաջնախաղ-շնորհանդեսն անցավ ջերմ մթնոլորտում, փոքրիկ հանդիսականն ու նրանց ավագ ուղեկիցները բուռն ծափերով ու ծաղիկներով գնահատեցին թե՛ փոքրիկ արտիստներին, թե՛ պիեսի հեղինակներին:

Առաջնախաղի և փոքրիկների թատերախաղի մասին իր բարձր գնահատականը հայտնեց նաև միջոցառման հյուր, Ստեփանակերտի և Շուշիի թատրոնների երկարամյա գլխավոր ռեժիսոր, հայրենի քաղաք վերադարձած Լեոնիդ Հարությունյանը:

 Միջոցառման ավարտին ՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր, Շիրակի շրջանակի ատենապետ ընկեր Հովիկ Կարապետյանը և պիեսի բեմադրիչները հանդես եկան շնորհավորական և երախտագիտության խոսքով` ուղղված նախաձեռնության հեղինակներին և իրենց կուսակցությանը` հովանավորության համար և, իհարկե, մեր սիրելի դերակատար-երեխաներին:

Միջոցառման մասնակից փոքրիկները իրենց հետ տարան «Միմզի մոլորակի» բնակիչների խորհուրդ-խրատներն ու համանուն պիեսի գունազարդ գիրքը:

 

Անահիտ Հովսեփյան

ՌԱԿ Շիրակի շրջանակի

«Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի

ատենապետուհի