Ատրպէյճանցի զինծառայողները յաճախակի կը կրակեն բնակավայրերու հարեւանութեամբ. ՄԻՊ-ն այցելած է Գեղարքունիք
Մարդկային իրաւանց պաշտպան Անահիտ Մանասեան մայիս 2-ին աշխատանքային այց կատարած է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։
Այս մասին յայտնած են Մարդկային իրաւանց պաշտպանի գրասենեակէն․
«Պաշտպանի այցի նպատակն էր տեղում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ փաստահաւաք աշխատանքներ իրականացնելը, դրանց վերաբերեալ հաստատող փաստեր եւ ապացոյցներ հաւաքագրելը, քաղաքացիական բնակչութեանը մտահոգող խնդիրներին ծանօթանալը։
Կատարուած այցի արդիւնքում հաւաքագրուած տուեալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսեւորել ագրեսիւ վարքագիծ, սպառնալիքներ ներկայացնում գիւղացիներին զէնքի ցուցադրմամբ, յաճախակի կրակոցներ են արձակում բնակավայրերի անմիջական հարեւանութեամբ։ Խիստ մտահոգիչ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ու քաղաքացիական ենթակառուցուածքների թիրախաւորուած լինելու հանգամանքը։
Պաշտպանի առաջին կանգառը Գաւառ համայնքն էր: Գեղարքունիքի մարզպետ Կարէն Սարգսեանն Անահիտ Մանասեանին ներկայացրել է մարզում առկայ խնդիրները: Պաշտպանը վստահեցրել է, որ այցի շրջանակում արձանագրուած մարդու իրաւունքների խախտումները կը ներկայացուեն իրաւասու մարմիններին եւ միջազգային կառոյցների գործընկերներին՝ խնդիրների լուծման հնարաւոր տարբերակներ գտնելու նպատակով:
Այնուհետեւ Մարդու իրաւունքների պաշտպանն այցելել է Վարդենիս խոշորացուած համայնք: Կայացել է հանդիպում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրեանի հետ, ով Պաշտպանին է ներկայացրել առկայ եւ հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այնուհետեւ Պաշտպանն այցելել է սահմանամերձ բնակավայրեր՝ Վերին Շորժա, այդ թւում՝ Սարատեղի, Կութ, Նորաբակ, Սոթք եւ Կուտական:
Անահիտ Մանասեանը զրուցել է վերը նշուած բնակավայրերի բնակիչների հետ։ Նրանք մտահոգութիւններ են յայտնել իրենց կեանքի եւ անվտանգութեան, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան, կրթութեան եւ այլ հիմնական իրաւունքների հետ կապուած։ Բնակիչները բարձրացրել են արօտավայրերի, խոտհարքների եւ վարելահողերի օգտագործման հետ կապուած խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ ստեղծուած պայմաններում դժուարացել է անասնապահութեամբ զբաղուելու եւ իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարաւորութիւնը։
Մարդու իրաւունքների պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաեւ սահմանային բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու նպատակ։
Ինչպէս վերը նշուած, այնպէս էլ հաւաքագրուած միւս փաստերն ամփոփուելու են Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կը ներկայացուեն իրաւասու միջազգային կազմակերպութիւններին եւ այլ դերակատարներին, ինչպէս նաեւ պետական իրաւասու գերատեսչութիւններին։
Աւելի վաղ՝ ապրիլի 14-ին, Անահիտ Մանասեանն աշխատանքային այց էր կատարել Սիւնիքի մարզի Տեղ համայնք»: