Արցախցի Իրինան եւ Արամը պսակադրուած են Դադիվանքի մէջ (Լուսանկարներ)

2020-12-28
Image

Ասկերանցի Իրինա Գաբրիէլեանն ու ստեփանակերտցի Արամ Վերդեանը երէկ` 27 դեկտեմբերին, պսակադրուած են ատրպէյճանական վերահսկողութեան տակ անցած, սակայն ռուս խաղաղապահներու կողմէ հսկուող Դադիվանքի մէջ: Պսակադրութենէն NEWS.am-ին մանրամասներ յայտնած է Արամի ընկերը` Վլատիմիր Գրիգորեանը:

«Արամը պատերազմի առաջին օրուանից մինչեւ վերջին օրը գտնուել է Մարտակերտի շրջանի պաշտպանական ուժերի կազմում, կինը Ասկերանից է, ով պատերազմի ընթացքում ընդգրկուած է եղել թիկունքային աշխատանքներում: Իրենք մինչեւ պատերազմը նշանուած են եղել եւ մտադիր են եղել սեպտեմբերի վերջին  պսակադրուել, սակայն պատերազմը սկսեց.. այսօր որոշեցին, որ Դադիվանքում  են պսակադրուելու: Մէկ շաբաթուայ ընթացքում որոշակի աշխատանքններ իրականացուեցին ռուս խաղաղապահների  հետ եւ իրականացուեց պսակադրութիւնը: Ընդհանուր առմամբ 70 հոգի է մասնակցել պսակադրութեանը: Հիւրերին ողջ ճանապարհին ուղեկցել են խաղաղապահները, տեղում եղել են խաղաղապահները ոչ մի միջադէպ չի եղել»,-ըսած է ան:

Պսակադրութիւնը տեղի ունեցած է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի ձեռամբ, որ նաեւ տարեվերջեան պատարագ մատուցած է:

Իրինան եւ Արամը պսակադրութենէն առաջ ծաղիկներ խոնարհած են Ստեփանակերտի մէջ հայ զինուորին շնոհակալութիւն յայտնող պաստառի մօտ: