Արցախի ԱԳՆ ղեկավար. Ատրպէյճանը գրաւեալ տարածքներուն մէջ մշակութային ցեղասպանութիւն կ'իրականացնէ

2021-05-04
Image

Այն, ինչ տեղի կ'ունենայ Շուշիի մէջ, ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանութիւն, մշակութային ահաբեկչութիւն եւ մշակութային նացիզմ: Այս մասին յայտարարած է Արցախի արտաքին գործոց նախարար Դաւիթ Պապայեանը, մեկնաբանելով ատրպէյճանցիներու կողմէ Շուշիի Ղազանչեցոց տաճարի գմբեթները աւերելը։

«Ատրպէյճանի իշխանութիւնները փաստացի այս կերպ փորձում են շատ շօշափելի հարուած հասցնել եւ հասցնում են մեր պատմական յիշողութեանը, մեր հպարտութեանը: Բայց մենք պէտք է դիմանանք հարուածին եւ կը դիմանանք դրան, որքան էլ դա ծանր ու զզուելի լինի: Պէտք է հասկանալ, որ այն, ինչ այժմ կատարուում է Ղազանչեցոցում, կարող է մարտավարական նպատակներ ունենալ: Քանի որ Ատրպէյճանն, ըստ էութեան, ոտնձգութիւն կատարելով Ղազանչեցոցի դէմ, ոչնչացնելով հրեշտակներին ու խաչերը, հետապնդում է որոշակի նպատակներ: Իմանալով Ատրպէյճանը, երկար ժամանակ ուսումնասիրելով այս երկիրը, կարող ենք ասել, որ բացի նացիզմի, ահաբեկչութեան եւ ցեղասպանութեան տարրերից, կայ նաեւ տակտիկական (մարտավարական) գործօն: Նա յատուկ է դրա վրայ ուշադրութիւն հրաւիրում՝ մի քանի նպատակ հետապնդելով: Առաջինը, ինչպէս ասացի, հարուած հասցնել մեր ինքնութեանը, մեր հպարտութեանը, յիշողութեանը, ինքնասիրութեանը: Երկրորդը՝ իր համար այս կերպ ճանապարհ հարթելն է՝ շեղելով մեր ուշադրութիւնը նրանից, ինչ նա այժմ անում է գրաւեալ տարածքներում: Իսկ գրաւեալ տարածքներում ոչնչացուում է Արցախի ողջ մշակութային պատմական ժառանգութիւնը: Ղազանչեցոցի դէմ ոտնձգութեան շուրջ աղմուկը փորձում է ուշադրութիւնը շեղել այլ ստոր արարքներից, բարբարոսութիւնից եւ վանտալիզմից:

Բացի այդ, բացառուած չէ, որ այս կերպ նրանք փորձում են ուշադրութիւնը շեղել մարդասիրական խնդիրներից, ռազմագերիների, պատանդների եւ այլ խնդիրներից: Մենք որոշակի մտավախութիւններ ունենք, որ նրանք այնտեղ օրկանների վաճառքով են զբաղուում:

Մենք մեր դիրքորոշումն ու մտահոգութիւնները հասցրել ենք շատ շրջանակների: Միգուցէ Ատրպէյճանում զգացել են, որ իրենց յանցագործութիւնները կարող են հետաքննութեան առարկայ դառնալ, եւ որոշել են իրենք յարձակման գնալ՝ ուշադրութիւնը շեղելու եւ Ղազանչեցոցի վրայ կեդրոնանալու համար: Այս պահուածքը բնորոշ է շատ յանցագործների: Հասկանալով, թէ ինչ ազդեցութիւն կ'ունենայ, նրանք գնում են դրան: Նրանք ծաղրում են միջազգային իրաւունքը, միջազգային հանրութեանը եւ «լուծում են» իրենց հարցերը:

Մենք պէտք է գիտակցենք, որ մեր բոլոր յաղթանակներն ու պարտութիւնները մեզանից են կախուած:

Իսկ նրանց ուզում եմ յիշեցնել, որ նա, ով քանդում է Աստծոյ տունը, երբեք անպատիժ չի մնայ: Բայց դա արդէն այլ պատմութիւն է»,- եզրափակած է Դաւիթ Պապայեանը: