ԵԽԽՎ քաղաքական խումբերէն մէկու նիստին քննարկուած է հայ ռազմագերիներու հարցը. վաղը պիտի քննարկուի լիագումար նիստին

2021-04-19
Image

Այսօր առաւօտեան Եւրոպայի Խորհուրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականներու եւ ռեֆորմիսթներու (բարեփոխիչներու) քաղաքական խումբի առաւօտեան նիստին քննարկուած է հայ ռազմագերիներու հարցը, ուր կային նաեւ ատրպէյճանցիներ։ Այդ խումբին մէջ նրանց թիւը մեծ է։

Այս մասին յայտնած է ԵԽԽՎ-ի մէջ հայկական պատուիրակութեան ներկայացուցիչ Միքայէլ Մելքումեանը:

«Մենք ներկայացրեցինք ստեղծուած իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էութեան, պատանդի կարգավիճակում են գտնուում, եւ այն խայտառակ իրավիճակը, որ մօտաւորապէս երկու հարիւրի մօտ գերիներ կան գերեվարուած, արագ պէտք է կարգաւորուի։

Այսինքն՝ այն խնդիրը, որ Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանն ընդունել է այն փաստը, որ դա չի կատարուում, յստակ ներկայացուեց քննարկման ժամանակ։

Ընդամէնը նրանց հակափաստարկն այն էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ։

Այսինքն՝ այս քաղաքական խմբում իմ կողմից յստակ դրուեց այս հարցադրումը։ Վաղը երեկոյեան, երբ պէտք է լիագումար նիստում քննարկուի այս հարցը, մեզ համար ակնյայտ է, որ ատրպէյճանցիների միակ թէզն այն է, որ նրանք ընդամէնը ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ»,- նշած է Մելքումեանը։