Էրտողան որոշած է վտարել 10 երկիրներու դեսպաններ. ինչ կապ ունի հայ-քրտական համայնքը. «Հայկական Ժամանակ»

2021-10-25
Image

Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում սուր քաղաքական ճգնաժամ է նշմարվում:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ցասման մեջ է հայտնվել ու բարկությունից  հայտարարել, որ երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարել մի շարք գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու ևս յոթ երկրների դեսպաններին։ Հիշյալ երկրները  «համարձակվել էին» կոչ անել թուրք առաջնորդին՝ ազատ արձակել բարերար, իրավապաշտպան Օսման Քավալային, որի ձերբակալությունը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել աշխարհի տարբեր կետերում:

«Ես տվեցի անհրաժեշտ հրամանները մեր արտգործնախարարին և ասացի, թե ինչ պետք է արվի. Այս տասը դեսպաններին պետք է անհապաղ ճանաչել նոն գրատա, հանձնարարել եմ անհապաղ զբաղվել դրանով», -ցիտում են համաշխարհային լրատվական գործակալությունները Էրդողանի խոսքերը՝ ասված այս շաբաթ օրը, Էսքիշեհիր քաղաքում:

Էրդողանի սաստիկ ցասման պատճառ է հանդիսացել այն, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Նոր Զելանդիայի՝ Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները հոկտեմբերի 18 -ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ կոչ անելով ազատ արձակել բարերար և իրավապաշտպան Օսման Քավալային: Դրանից անմիջապես հետո նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ:

«Ինչու՞ են այս տասը դեսպանները նման հայտարարություններ անում: Ես մեր ԱԳՆ-ին ասել եմ, որ մենք մեր երկրում այսքան դեսպան ընդունելու շքեղություն չունենք։ Թուրքիային դաս տալը ձե՞ր գործն է։ Ով եք դուք: Հեռու մնացեք Քավալայից։ Դուք բաց թողնու՞մ եք մարդասպաններին, ահաբեկիչներին և ավազակներին ձեր իսկ երկրներում: Միշտ պատասխանում եք՝ «Դատարանը անկախ է»։ Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, իսկ մերը, հետևաբար՝ կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է»,- լրագրողներին ասել է Էրդողանը:

64 -ամյա Օսման Քավալան թուրք է, սակայն թուրք մեծամասնությունից փոքր-ինչ տարբերվող կենսակերպով ու գործով: Նա գործարար, բարերար և իրավապաշտպան է, ով ֆինանսավորել և մասնակցել է իր երկրում մշակութային և մարդու իրավունքներին նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրն է, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին: Նա տարիներ շարունակ ջանքեր է գործադրել, մասնավորապես, թուրքական մեծամասնությանը Թուրքիայի հայ և քուրդ փոքրամասնությունների հետ հաշտեցնելու, հայերի ու քրդերի մասին թուրքական համայնքի մոտ կարծրացած կարծիքները ձևափոխելու, ինչպես նաև քրդական հարցի խաղաղ լուծման հասնելու հարցում:

2017 թվականի նոյեմբերին Քավալան ձերբակալվել էր 2013 թվականին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույցեր կազմակերպելու և 2016 թվականին հեղաշրջման հայտնի փորձին մեղսակցության մեղադրանքով:

2013 թվականի բողոքի ցույցերի ժամանակ Թուրքիայի դատախազությունը նկատել է նաև  ամերիկացի միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսի հետքը, որին աշխարհի շատ ավտորիտար կառավարիչներ սիրում են մեղադրել իրենց դեմ դավադրություններ հյուսելու մեջ։ Էրդողանն էլ բացառություն չէ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Էսքիշեհիր քաղաքում  կայացած հանրահավաքում հիշել է  նաև Սորոսին:

 

«Քավալա անունով մարդը Սորոսի մասնաճյուղն է Թուրքիայում: Տասը դեսպան նրա համար խնդրում են արտաքին գործերի նախարարությունում: Սա ծայրահեղ անամոթություն է»,-ասել է Էրդողանը:

2020 թվականի փետրվարին Քավալան դատարանի կողմից արդարացվեց 2013 թվականի բողոքի ակցիաների գործով, բայց այդպես էլ չազատվեց, քանի որ դատախազությունը պահանջեց նրան կալանավորել մեկ այլ հոդվածով, իսկ ավելի ուշ ավելացրեց լրտեսության մեղադրանքը։

Բարերարը նախորդ  շաբաթ Agence France-Presse-ին հարցազրույց էր տվել բանտախցից, հեռակա: նա ասել էր, որ իրեն զգում է որպես գործիք, որի միջոցով արդեն 20 տարի Թուրքիան կառավարող Էրդողանը փորձում է բոլոր ընդդիմադիր գործիչներին ներկայացնել որպես օտարերկրյա գործակալներ:

2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Քավալայի ձերբակալությունը ճանաչել է որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդում և թուրքական իշխանությունների փորձ՝ «լռեցնել ակտիվիստին և իրավապաշտպանին, վախեցնել մյուսներին՝ զգուշանալու համար նման գործունեությունից և կաթվածահար անել քաղաքացիական հասարակությունը երկրում»:

Այս տարվա սեպտեմբերին Եվրախորհուրդը Թուրքիային ժամանակ տվեց մինչև դեկտեմբեր՝ ազատ արձակելու համար Քավալային մինչև դատավարությունը։ Հակառակ դեպքում Եվրախորհուրդը սպառնում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Անկարային։ Թուրքիայի իշխանությունները, սակայն, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ առանձնապես «վախեցած» կամ զգոնացած չեն Եվրոպական դատարանի կամ ԵԽ-ի որոշումներով:

Գերմանիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Reuters-ի կողմից մեջբերված Էրդողանի խոսքերը, պահպանելով զգուշավորություն, միայն նշել է, որ «ինտենսիվ խորհրդակցություններ» է անցկացնում մյուս ինը երկրների հետ։

Նորվեգիայի ԱԳՆ-ից Reuters գործակալությանը հայտնել են, որ Անկարայում Նորվեգիայի դեսպանատունը դեռևս որևէ ընթացակարգային տեղեկություն չի ստացել թուրքական իշխանություններից դեսպանի արտաքսման մասին։

«Մեր դեսպանը չի արել որևէ բան, որն արժանի է վտարման: Մենք կշարունակենք կոչ անել Թուրքիային հարգել ժողովրդավարական նորմերը և օրենքի գերակայությունը, ինչը նա պարտավորվել է անել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով», - գործակալությանը ասել է Նորվեգիայի ԱԳՆ խոսնակ Թրյուդ Մասեիդը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ են մի շարք երկրների, այդ թվում ՝ ամերիկյան դեսպաններին վտարելու Անկարայի մտադրության մասին հայտարարություններին, և այդ կապակցությամբ Պետդեպը հստակություն է պահանջել  Թուրքիայի ԱԳՆ-ից:

«Մենք ծանոթացել ենք այդ զեկույցներին և պարզություն ենք ուզել Թուրքիայի ԱԳՆ-ից», - Риа Новости-ին ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Փորձագետները կարծում են, որ դաշնակիցներին դիմակայելու հարցում Էրդողանը հեռու չի գնա, սակայն նրա դեմարշը դժվար թե մնա առանց հետքի։

Փոխարենը, Էրդողանը սուր քննադատության է ենթարկվում երկրի ներսում իր հակառակորդների կողմից։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում գրել է, որ Թուրքիայի նախագահը «արագ անդունդ է տանում երկիրը»։  Քաղաքական գործիչը դիվանագետների արտաքսմամբ պայմանավորված սկանդալը բացատրել է նրանով, որ Էրդողանը արդարացում է փնտրում կառավարության սխալների համար, որոնք հանգեցրել են երկրում ծանր տնտեսական իրավիճակի։

Առհասարակ, Թուրքիայի նախագահը հաճախ է դիմում հարձակողական մեթոդներին՝ սեփական սխալները ծածկելու համար: Ճիշտ է, դրանք ամեն անգամ ուղեկցվում են նաև Եվրամիության զգուշացումներով, սակայն առավել հաճախ այդպես էլ մնում են հենց հեռակա քննադատական մակարդակներում: