Մահացեր է բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը

2022-01-11
Image

Այսօր մահացած է հայ մեծ բանաստեղծ, հրապարակախօս Ռազմիկ Դաւոյեանը: Անոր մահուան լուրը լրատուամիջոցներուն յայտնած է իր ընտանիքը: Գրողը մահացած է Երեւանի մէջ, ան վատառողջ էր: 

Ռազմիկ Դաւոյեան այս տարի պիտի դառնար 82 տարեկան: 

Ռազմիկ Դաւոյեան ծնած է 3 Յուլիս  1940-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գիւղը:  Տարրական կրթութիւնը ստացած է տեղի դպրոցին մէջ։ 1949-ին  ընտանիքին հետ տեղափոխուած  է Կիւմրի  /Լենինական/,  ուր  աւարտած  է  միջնակարգ  դպրոցը եւ  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  աւարտած  է  Երեւանի  Խ.  Աբովեանի  անուան  Հայկական  պետական  մանկավարժական  հիմնարկի  պատմալեզուագրական  բաժանմունքը: Ուսանելուն  զուգընթաց աշխատած  է  «Գիտութիւն եւ  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրութեան մէջ,  զուգահեռ՝  նաեւ  «Գրական  թերթի»  խմբագրութեան մէջ՝  որպէս  սրբագրիչ: 1965-էն վարած  է  «Գրական  թերթի»  բանաստեղծութեան  եւ  արձակի  բաժինը: 1970-ին  աշխատած  է  Սփիւռքահայութեան  հետ  մշակութային  կապի  կոմիտէին մէջ՝  որպէս  աւագ  խորհրդական:  1975-1990 թուականներուն եղած  է  Հայաստանի  պետական  մրցանակներու  կոմիտէի պատասխանատու  քարտուղարը: 1989-ին նշանակուած է  Հայաստանի  Գերագոյն  խորհուրդի  Աղէտի  գօտիի  յանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։ 1991-1999 թուականներուն  եղած է Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան՝ Հայաստանի   վարչութեան  նախագահը։ 1994-1996 թուականներուն  ընտրուած է Հայաստանի  Գրողներու  միութեան  վարչութեան  նախագահ: 1999-2003-ին՝ Հայաստանի  Հանրապետութեան  նախագահի  խորհրդական: 2005-2007-ին՝  «Երեւան»  վաւերագրական  ֆիլմերու  սթուտիոյի  տնօրէն: 2007-2018-ին՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրէնի  խորհրդական:

Դաւոյեան աւելի քան 40 ժողովածուի եւ գիրքերու հեղինակ է, այդ շարքին՝  ռուսերէն, չեխերէն եւ անգլերէն։ Անոր ստեղծագործութիւնները տպագրուած են իտալական, ֆրանսական,  հարաւսլաւական, իրանեան, չինական եւ ամերիկեան պարբերականներու մէջ։ Ռազմիկ Դաւոյեանի կեանքին ու գործին անդրադարձած են  «Լիթերաթուրնայա Կազեթա», ֆրանսական «Ֆիկարօ», բրիտանական «Թայմզ» եւ «Ուասաֆիրի» պարբերականները։