Համախմբվենք և Զորավիգ Կանգնենք Հայրենի Սահմանին Ամուր Կանգնած Հայ Բանակին. Հայտարարություն
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հերթական անգամ լայնածավալ սադրանքի դիմելով, սեպտեմբերի 13-ին՝ կես գիշերին՝ ժամը 00։05-ին, սկսել են կրակ բացել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև անմեղ քաղաքացիների բնակավայրեր։
Ակնհայտ է, որ վերջին օրերին հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ տարածած ապատեղեկատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմի նախագծած ծրագիրն էր՝ այս բռնության համար արհեստական հիմք ստեղծելու նպատակով։
Սահմանային լարվածությունը սրելու դիտավորյալ այս հանցավոր ոտնձգությամբ Ադրբեջանի նպատակն է ձախողել բանակցային գործընթացը, խուսափել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի որոշ դրույթների իրագործումից և բռնությամբ, ճնշում գործադրելով՝ ստիպել Հայաստանին միջանցք տրամադրել և ՀՀ ինքնիշխան տարածքից զիջումներ պարտադրել։
Արդարև, Ռամկավար Ազատական Կուսակցությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ ուղղված այս հանցավոր հարձակումը։
Ակնկալում ենք Ռուսատանի Դաշնությունից և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) ՝ գործադրել Հայաստանի հետ ունեցած համապատասխան պայմանագրերով նախատեսված ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրենց պարտավորությունը։
Հրավիրում ենք Միջազգային հանրության, Եվրամիության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրութունը թույլ տված միջազգային, մարդասիրական իրավունքի չափանիշների ակնհայտ խախտման և պատերազմական հանցագործության տարբեր տարրեր պարունակող այս անհանդուրժելի գրոհին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ոտնձգությունները, և դրանք կասեցնելուն ուղղված՝ անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ գործադրելով միջազգային իրավական մեխանիզմները։
Այս զարգացումներին ի տես, Ռամկավար Ազատական Կուսակցությունը կոչ է անում հայրենիքի և սփյուռքի համայն հայությանը համախմբվել և միասնաբար գործի դնել բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր հայրենիքը այս աղետալի կացությունից դուրս բերելու համար և զորավիգ կանգնել հայրենի սահմանին ամուր կանգնած հայ բանակին։
Ակնկալում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունը կգիտակցի պահի լրջությունը՝ մի կողմ դնելով քաղաքական և գաղափարական տարակարծությունները, իշխանության հետ միասնաբար կձեռնարկի մեր ազգի և պետականության հիմքերը սասանող սպառնալիքների չեզոքացման սրբազան գործին։
Ռամկավար Ազատական Կուսակցությունը խոր ցավակցութուն է հայտնում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ռաֆֆի Պալեան | Ատենադպիր
Մայք Խարապեան | Ատենապետ
Սեպտեմբեր 14, 2022