«Փաշինեանը ըսաւ՝ այդ 5 շրջանները անհասանելի են մեզի». Անհետ կորածներու ծնողները բողոքի ցոյց՝ զօրամասի դիմաց

2020-12-01
Image

Անհետ կորած զինծառայողներու ծնողները բողոքի ցոյց ըրին Էջմիածինի զօրամասի դիմաց: Անոնցմէ մէկը լրագրողներու հետ զրոյցի ժամանակ նշած է. «Մեզ ասում են՝ մենք ոչ մի բան չենք կարող անել: Մենք իրաւասու չենք նրանց դուրս բերել, սպասում ենք նախարարութեանը: Քանի որ այդ 34 զինծառայողը չեն եղել, 60-ն են եղել, որոշ մասը դուրս է եկել, եւ առաջին օրը գալուց արդէն միասին որոշել են, որ իրենց փրկել է Արսէն Աբգարեանը, որը չգիտես ինչու առաջինն ինքն է դուրս եկել մարտի դաշտից: Երեխէքը փորձել են զանգել, տեղեկացնել, թէ այս ինչ վիճակ է,  չգիտենք ուր ենք ընկել: 3-րդ օրուանից իրենք ոչինչ չեն յիշում, ոչինչ չասելը մարտավարութիւն չի, աւելի լաւ էր ամէն ինչ պատմէին: Անցել է 42 օր, ես զանգում եմ դուրս եկած տղերքին, ասում են, որ ոչ մի բան չեն յիշում: Մենք ամսի 24-ից զօրամասի դիմաց ենք, մեզ ոչ մի տեղեկութիւն չեն տալիս»:

Անոնք տեղեկացուցած են, որ գացած են թէ Պաշտպանութեան նախարարութիւն, թէ Կարմիր խաչի գրասենեակ, հանդիպած են վարչապետի հետ, բայց ամէն բան ապարդիւն է:

«Նիկոլ Փաշինեանն ասել է, որ այդ 5 շրջաններն անհասանելի է մեզ, քանի որ Ատրպէյճանի տարածքն է եւ ոչ մի կերպ Կարմիր խաչը չի կարողանում նրանց հետ որեւէ կերպ համագործակցել, եւ մենք ստիպուած ենք սպասել: Մեր երեխէքը եղել են Կապանում ու չգիտես ում հրամանով յայտնուել են Զանգելանում: Հիմա Զանգելանը վերջին տարածքն է լինելու, որ մտնեն, տեսնեն»,-ըսած է ծնողներէն մէկը: