Արարատ Միրզոյեան ՄԱԿ-ի նախարարական հանդիպման կոչ ըրած է զօրացնելու ճնշումը Ատրպէյճանի վրայ, նաեւ աջակցելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերուն

2021-09-24
Image

ՄԱԿ Գլխաւոր ասամպլէայի 76-րդ նստաշրջանի շրջածիրէն ներս տեղի ունեցած է «Դաշինք յանուն բազմակողմանիութեան» հարթակի նախարարական հանդիպումը, որուն մասնակցած եւ ելոյթով հանդէս եկած է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը։

Ելոյթին մէջ, մասնաւորապէս, ըսուած է․

«Յարգելի՛ գործընկերներ,

Բարձր եմ գնահատում «Դաշինք յանուն բազմակողմանիութեան» հարթակի նախարարական այս հանդիպման անցկացումը եւ մասնակցութեան հնարաւորութիւնը:

Հայաստանը վերահաստատում է իր ամուր յանձնառութիւնը բազմակողմանիութեանը, որն առաւել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղէտների պայմաններում:

COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել համաշխարհային մարտահրաւէրներին լուծումներ գտնելու եւ մինչեւ 2030թ․ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը:

Մենք համոզուած ենք, որ միջազգային հանրութիւնն ունի համավարակի դէմ պայքարի եւ վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատուաստանիւթերի համաշխարհային հասանելիութիւնը եւ իրականացնելով պատուաստումների արշաւներ: Հայաստանը խորապէս համոզուած է, որ պատուաստանիւթերի հասանելիութիւնը պէտք է լինի անաչառ եւ արդար, քանի որ դրանք իսկապէս համաշխարհային հանրային բարիք են, եւ միայն պատուաստումների միջոցով մենք կը կարողանանք յաղթահարել դեռեւս մոլեգնող այս համավարակը:

COVID-19 համավարակը ծանր ազդեցութիւն է ունեցել իւրաքանչիւր պետութեան վրայ՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը եւ խաթարելով անվտանգութեան միջավայրը ինչպէս տարածաշրջանում, այնպէս էլ՝ աշխարհում:

Համաշխարհային համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի դէմ Ատրպէյճանի կողմից սանձազերծուած պատերազմը յանգեցրեց մարդասիրական աղէտի: Նոյնիսկ այսօր Ատրպէյճանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելութիւնների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնութիւն ստանալու հնարաւորութիւնից:

Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մէկն է «պաշտպանել, պահպանել եւ զարգացնել միջազգային իրաւունքը, ներառեալ՝ միջազգային մարդասիրական եւ մարդու իրաւունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ատրպէյճանի վրայ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքները եւ հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլեւ աջակցելու ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը տեւական քաղաքական լուծում գտնելու գործում:

Շնորհակալութիւն»: