Հաղորդագրություն` Հիշատակի Տուրք Սպիտակի Երկրաշարժի 35-րդ Տարելիցին

2023-12-07

2023թ. դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցը, աղետ, որի ժամանակ մարդկային բազմահազար կորուստներ եղան նաև Գյումրի քաղաքում:

Ավանդույթի համաձայն ամեն տարի այս օրը Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության պատվիրակները մասնակցում են Գյումրիում երկրաշարժի անմեղ զոհերի ոգեկոչության և հիշատակի հարգման արարողությանը:

Այսօր ևս ՌԱԿ ատենադպիր, Հանրապետական վարչության անդամ ընկեր Հովիկ Կարապետյանի գլխավորությամբ ՌԱԿ ներկայացուցիչները Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակից եղան աղետի զոհերի ոգեկոչման Սուրբ Պատարագին` մատուցմամբ ՀԱԵ Շիրակի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, կատարեցին խնկարկում և մոմավառություն:

Ապա եկեղեցու բակում հանրապետական ու քաղաքային իշխանությունների և Գյումրու հասարակայնության հետ կուսակցության անունից ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին գյումրեցի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով տասնյակ հազարավոր զոհերի հիշատակին:

Վերհիշենք նաև, որ երկրաշարժի տարելիցին նվիրված ՌԱԿ Հանրապետական Վարչությունը լույս է ընծայել գյումրեցի բանաստեղծ Սերգեյ Կուրազյանի «Անթեղված տագնապներ և հույսի կոչնակներ» գիրքը:

Հիշատակն Արդարոց Օրհնությամբ Եղիցի…

Ռամկավար Ազատական կուսակցության

Հանրապետական վարչության

մամլո ծառայություն

 

Երևան, 7-ը դեկտեմբերի, 2023թ.