Արցախի ԱԺ-ն կոչ կ'ընէ համահայկական մակարդակով ազգային համախմբում ձեւաւորելու

Արցախի Հանրապետութեան խորհրդարանը արտահերթ նիստով 29 կողմ ձայնով յայտարարութիւն ընդունած է` կոչ ընելով համահայկական մակարդակով ազգային համախմբում ձեւաւորելու` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերու շուրջ:
Յայտարարութիւնը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ․
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը` որպէս Արցախի ժողովրդի առաջնային մանտաթ ունեցող բարձրագոյն ներկայացուցչական մարմին, արտայայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձեւաւորել համազգային համախմբում` Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:
Համոզուած ենք, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնները, ունենալով Սփիւռքի հայկական համայնքների լիարժէք աջակցութիւնը, մէկ բռունցք դառնալով, միասնաբար կարող են դիմագրաւել տարածաշրջանային մարտահրաւէրները` պաշտպանելով մեր ազգային շահերը: Աշխարհաքաղաքական իրողութիւնների այս բարդ ժամանակահատուածում, երբ Ատրպէյճանը փորձելով տապալել ռուսական խաղաղպահ առաքելութիւնը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է կազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում բնակուող խաղաղ բնակչին, շարունակում զաւթել նորանոր տարածքներ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականութիւնը 1988 թուականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրաւունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը: 1991 թուականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրով, այնուհետեւ համաժողովրդական հանրաքուէի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձեւաւորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետութիւնը: 30 տարիների ընթացքում մենք անցել ենք յաղթանակների եւ անյաջողութիւնների միջով: 2020թ. Սեպտեմբերի 27-ին մեզ պարտադրուած ու 44 օր տեւած պատերազմի հետեւանքով մենք ունեցանք մարդկային եւ տարածքային կորուստնէր: Սակայն ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքից: Խոնարhվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների յիշատակի առջեւ` մեր հաւատարմութիւնն ու պատրաստակամութիւնն ենք արձանագրում հետեւողական լինել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ տարածքային ամբողջականութեան վերականգման գործընթացներին:
2020 թուականի 44 օրեայ պատերազմից յետոյ հիմնովին փոխուել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատուած փխրուն խաղաղութիւնը պահպանւում է Արցախի Պաշտպանութեան բանակի եւ ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Ինչպէս ցոյց են տուել վերջին մէկուկէս տարիների իրադարձութիւնները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ներկայ պայմաններում ՀՀ կողմից Արցախի անվտանգութեան երաշխաւոր լինելու պարտականութեան ամրագրումը եւ համահայկական միասնութեան մթնոլորտի ձեւաւորումը միայն կարող են բաւարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխաւորելու համար: Յարգելի հայրենակիցներ, Հայոց պետականութեան լինելիութեան եւ հայ ժողովրդի անվտանգութեան բանալին գտնւում է Արցախում»: