Եգիպտոսի նախագահը առաջին անգամ ըլլալով Հայաստան պիտի այցելէ

2023-01-25

Տարածաշրջանային այցի ծիրէն ներս յառաջիկայ օրերուն Հայաստան պիտի ժամանէ Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան նախագահ Ապտըլ Ֆաթահ Սիսին: Սա առաջին անգամ է, որ անկախ Հայաստանը կ'ընդունի Եգիպտոսի նախագահը։ Տեղեկութիւնը հաստատած է Հայաստանի նախագահի աշխատակազմէն՝ Աղասի Մարգարեան:

«Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին տարածաշրջանային պաշտօնական այցով առաջիկայ օրերին կը ժամանի Հայաստան։ Յստակ օրն ու օրակարգը դեռեւս չենք կարող նշել, քանի, որ ներկայում քննարկման գործընթաց է նաեւ ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան գործընկերների հետ։ Մեր կողմից սա շատ սպասուած այց է եւ սրա նախապատրաստական աշխատանքների շրջանակներում լուրջ աշխատանքներ են կատարուել 2022 թուականի նոյեմբերին, երբ ՀՀ նախագահն այցելել էր Եգիպտոս»,-ըսած է Մարգարեան:

Նշենք, որ նախորդ տարի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանը կը գտնուէր Շարմ ալ-Շէյխ` մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան շրջանակային համաձայնագրի կողմերու 27-րդ համագումարին (COP-27)։

Վարչութեան պետի խօսքով՝ Եգիպտոսի նախագահի այցը պիտի կայանայ նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան մէջ ՀՀ դեսպան Հրաչեայ Փոլատեանի ջանքերու շնորհիւ։

Տարածաշրջանային այցի շրջածիրէն ներս Եգիպտոսի նախագահը այժմ կը գտնուի Հնդկաստան, ան պիտի այցելէ նաեւ Ատրպէյճան: