Ի՞նչ քննարկուած է Պրիւքսէլի եռակողմ հանդիպումին

2023-05-15
Image

Պրիւքսէլի մէջ տեղի ունեցած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոպական խորհուրդի նախագահ Շարլ Միշելի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այսօր տեղի ունեցած հանդիպման մասին մամուլի հաղորդագրութիւն տարածած է ՀՀ վարչապետի լրատուական ծառայութիւնը։

«Հանդիպման ընթացքում քննարկուել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցուածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան ապահովման աշխատանքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքների եւ անվտանգութեան հասցէագրման անհրաժեշտութեանը, ինչպէս նաեւ գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել շարունակել քննարկումները յունիսի 1-ին Քիշնեւում՝ Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսայի նախագահի եւ Գերմանիայի վարչապետի, Եւրոպական խորհրդի նախագահի մասնակցութեամբ հնգակողմ եւ յուլիսին` Բրիւսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եւրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ: