Խանութներուն մէջ առաջին անհրաժեշտութեան ապրանքները սպառած են. Ասկերանի վարչական ղեկավար

2023-01-03
Image

Արցախի Հանրապետութեան Ասկերանի շրջանի խանութներուն մէջ սպառած են առաջին անհրաժեշտութեան մթերքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ ըսած է Ասկերանի շրջանի վարչական ղեկավար Համլետ Ապրեսեանը:

«Մարդկանց մօտ ամանորեայ տրամադրութիւն չկայ, բայց խուճապ էլ չկայ, հասկանում ենք իրավիճակն ու դիմանում: Առաջին անհրաժեշտութեան ապրանքները գրեթէ բոլոր խանութներում սպառուած են, մնացել են կոնֆետներ, խմիչքներ, հիւթեր, տնտեսական որոշ ապրանքներ: Բայց դրական է, որ մարդիկ ունեն պահածոներ, պահեստաւորած ապրանքներ: Գիւղերում աւելի հեշտ է, քան հենց Ասկերանում, որովհետեւ գիւղացիները հիմնականում իրենց փոքրիկ տնտեսութիւններն ունեն, անասուններ են պահում, մեղուաբուծութեամբ զբաղւում եւ իրենց համար պաշար էին հաւաքել, անգամ կարողանում են քաղաք մատակարարել»,- նշած է Ապրեսեան:

Ապրեսեանի խօսքով՝ շրջանին մէջ հացի խնդիր չկայ, պահեստաւորուած ալիւրի շնորհիւ հացի արտադրամասերը կ'աշխատին: Դեղորայքի որեւէ տեսակի պակաս այս պահուն եւս չկայ: Շրջանը հիմնական անցած է կազի օգտագործման՝ որպէս վառելիք:

«Բենզինի պաշար ունենք, բայց շատ խնայողաբար ենք օգտագործում: Տաքսիները, ավտոբուսները (հանրակառքերը), բեռնատարները աշխատում են գազով: Երթուղայիններն աշխատում են, բայց աւելի սեղմ գրաֆիկով (ժամանակացոյցով)»,- ըսած է Ապրեսեան: