Հադրութցի Մարիամը ընտանիքին օգնելու համար սրբիչներ եւ սպիտակեղէն կը կարէ (Տեսանիւթ)

2021-02-22
Image

Հադրութէն եկած 20-ամեայ Մարիամ Աւետիսեանի ընտանիքը պատերազմի պատճառով տեղափոխուած է Հայաստան՝ Կոտայքի մարզ։ Մարիամը ընտանիքին օգնելու համար խոհանոցային սրբիչներ եւ սպիտակեղէն կը կարէ։

«Սկզբում ես սրբիչները կարում էի ընտանիքիս հոգսերը հոգալու համար, բայց ժամանակի ընթացքում սիրեցի իմ աշխատանքը։ Ես որոշեցի կարածս սրբիչների լուսանկարները տեղադրել ֆէյսպուքում, ինչից յետոյ պատուէրներն իմ սպասածից շատ եղան»,- NEWS.am-ի հետ զրոյցի ժամանակ պատմած է Մարիամը։

Մարիամը փոքր հասակին կորսնցուցած է լսողութիւնը։ Ուսանած է Նորք Մարաշի յատուկ դպրոցին մէջ, ապա՝ Հադրութի միջնակարգ դպրոցը։

«Մարիամն ութ ամսականում բարձր ջերմութիւն ունէր, եւ բժիշկը նրան սխալ հակապիոթիք նշանակեց, ինչի պատճառով Մարիամը կորցրեց լսողութեան 88 %-ը։ Ցածր դասարաններում Մարիամը սովորեց Նորք Մարաշի յատուկ դպրոցում, որպէսզի կարողանայ հաղորդակցուել, ինչից յետոյ սովորեց Հադրութի միջնակարգ դպրոցում։ Հադրութի մանկապատանեկան խմբակում Մարիամը սովորել է պար, կոպելէն (որմագորգ), նկարչութիւն»,- նշած է Մարիամի մայրը՝ Էռնա Միրզախանեանը։

Մարիամի մայրը մասնագիտութեամբ զինուորական է, հայրը կամաւոր մասնակցած է պատերազմին։ Մարիամն ունի 9-ամեայ եղբայր եւ 14-ամեայ քոյր։

«Երբ ես սկսում եմ կարել, քոյրս ինձ թէյ է բերում։ Հայրս մասնագիտութեամբ դերձակ է, կտրում եւ ձեւում է կտորները։ Ես գրանցում եմ պատուէրները, մնացած հարցերով զբաղւում է մայրս, քանի որ ես դժուարանում եմ խօսել»,- ներկայացուցած է Մարիամ Աւետիսեանը։

Փոքր ժամանակ Մարիամը կ'երազէր մոտել դառնալ։ Այժմ երազանքը  քիչ մը տարբեր է։

«Ես այժմ սովորում եմ հագուստի մոտելաւորում։ Ապագայում յոյսով եմ, որ մեծ արհեստանոց կ'ունենամ եւ զգեստներ կը կարեմ։ Հիմա ես երազում եմ, որ մոտելները մի օր կը ցուցադրեն իմ կարած զգեստները»,- ըսած է Մարիամ։

Մարիամը կարօտով կը յիշէ Հադրութի հետ կապուած ամէն բան։ Առաւելապէս ան կը կարօտնայ իր ընկերները, անոնց հետ ունեցած իր զրոյցներն ու զբօսանքները։

«Մարիամը շատ է երազում մի օր նորից Հադրութ վերադառնալու մասին»,- աւելցուցած է Մարիամի մայրը: