Հատրութի հայկական գերեզմանները կ՚ոչնչացուին

2021-10-14

Գրաւեալ Հատրութը Ատրպէյճանի կողմէ հայ ժողովուրդին նկատմամբ ատելութեան եւ ցեղային զտման քաղաքականութեան անհերքելի ապացոյցն է: Այս մասին ֆէյսպուքեան իր էջին մէջ գրած է Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեանը:

«Արդէն մեկ տարի է Ատրպէյճանը օկուպացիայի տակ է պահում Արցախի Հանրապետութեան ողջ Հատրութի շրջանը, որը մշտական հայկական բնակչութիւն ունեցող կարեւորագոյն բնակավայրերից է։

Այն, որ մինչեւ Արցախը Խորհրդային Ատրպէյճանին բռակցելը Հատրութը բնակեցուած էր բացառապէս հայկական բնակչութեամբ, փաստագրուած է բազմաթիւ պատմական աղբիւրներում եւ նիւթերում։ Արցախի Հանրապետութեան Հատրութի շրջանը կազմող բնակավայրերը խորհրդային տարիներին կազմում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հատրութի շրջանը, որի 15․000 բնակչութեան 90 տոկոսից աւելին 1979 թուականի մարդահամարի տուեալներով կազմում էին հայերը։

2020-ին Արցախի խաղաղ բնակչութեան դէմ սանձազերծուած ատրպէյճանա-թուրքական ակրեսիայի հետեւանքով Հատրութ քաղաքի ու համանուն շրջանի հայ բնակչութիւնն ամբողջութեամբ ենթարկուել է էթնիկ զտման։

Հատրութի խաղաղ բնակչութիւնը, քաղաքացիական ենթակառուցուածքներն ու հումանիտար նշանակութեան կառոյցները ատրպէյճանական զինուած ուժերի կողմից դիտաւորեալ եւ ոչ-խտրական հարուածների են ենթարկուել ագրեսիայի հենց առաջին օրից։ Այսօր էլ շարունակուող օկուպացիայի հետեւանքով շրջանի 14.000 բնակիչները տեղահանուել են իրենց տներից, կորցրել իրենց պատկանող շարժական ու անշարժ գոյքը, աշխատանքն ու ողջ ունեցուածքը։

Հատրութի հայկական բնակչութեան էթնիկ զտման հետեւանքով ոչնչացման եւ վերացման վտանգի տակ են յայտնուել հայերի ստեղծած նիւթական եւ ոչ-նիւթական մշակութային արժէքները։ 500-ից աւելի նշանակալի պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, սրբավայրեր գտնւում են ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ։ Ատրպէյճանական իշխանութիւններն ամենաբարձր մակարդակով պղծում են շրջանի բնիկ հայկական բնակչութեան ստեղծած հոգեւոր-մշակութային արժէքները:

Մշակութային արժէքների պահպանութեամբ զբաղող հայկական եւ միջազգային կազմակերպութիւնների հետազօտութիւնները վկայում են, որ Հատրութի բոլոր բնակավայրերում հայկական գերեզմանատները քանդւում եւ ոչնչացւում են, իսկ գերեզմանաքարերն օգտագործւում են որպէս շինանիւթ ճանապարհներ կառուցելու համար։

Հայկական բնակչութեան էթնիկ զտման հետեւանքով շրջանի բոլոր բնակավայրերում խաթարուել են համայնքային կեանքն ու աւանդոյթները, տեղահանուած բնակչութեան ցրուածութեան պատճառով վտանգուած է հայերէնի բարբառների մէջ ինքնատիպ եւ եզակի պահպանուած Հատրութի բարբառը», գրած է Ստեփանեան: