Շուռնուխի իր տունը վառած Արարատը վերադառնալու յոյս ունի

2021-01-26
Image

4 յունուարի երեկոյեան իր տունը վառած՝ Սիւնիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչ Արարատ Աղաբեկեանն իր ընտանիքի՝ կնոջ եւ երկու անչափահաս երեխաներու հետ այժմ կ'ապրի նոյն գիւղի հին ու խոնաւ տան մը մէջ, սակայն նշած է՝ իրեն կացարանը չի հետաքրքրեր։ Շուռնուխցին նշած է, որ ինքը կը շարունակէ իր հողը պահանջել, որ 5 յունուարին յանձնուեցաւ Ատրպէյճանին։

«Կացարանն ինձ այդքան էլ չի հետաքրքրում, ես «մեշոկ»ում էլ, տոմիկում էլ կը մնամ, ինձ իմ հողն է պէտք, որ կարողանամ կանգնել։ Ես տան համար չեմ նվնվայ, տուն կը սարքեմ, քարը քարին կը դնեմ, ես հող պահանջող մարդ եմ, տուն պահանջող մարդ չեմ։ Նոյն հոգեբանութեամբ էլ դաստիարակում եմ իմ երեխաներին»,- պատմած է Արարատը։

Ան ըսած է, որ հիմա ալ Շուռնուխի մէջ է. «Մեզ մօտ մարդիկ գալիս են, լուսաւորութեան հարցն են լուծում, սահմանապահներին են աջակցութիւն յայտնում։ Քիչ առաջ մարդիկ էին եկել նաեւ համայնքապետարանից»։

Հարցին՝ համայնքին մէջ ի՞նչ է դրութիւնը վերջին օրերուն, բնակիչը պատասխանած է. «Ոչինչ էլ չի հանդարտուել, ձրի բանը թակարդի մէջ է լինում։ Եկէք իմ ընտանիքի հետ ապրէք ու ականատես եղէք, թէ որքանով է հանդարտուել վիճակը։ Մեր գիւղի այդ ճանապարհի լայնութիւնն ընդամէնը 6 մեթր է, մեզ 6 մեթրն է բաժանում թշնամուց, իսկ թշնամին ամենավատ բանին էլ ընդունակ է։ Երեխաներիդ ասում ես՝ թասիպդ տեղը պահի, նամուսով եղի, ու գնում, պատուհանից նայում ես քո վառուած տանը, քո արած-դրածին, որը վառել ես»։

Ան պատմած է, որ եղբայրն այս պահուն կը մնայ գիւղապետարանի շէնքին մէջ. «Շուտով կը սկսուեն գարնանային աշխատանքները, անասունները օրը մէկի գոմն ենք պահում, դեռ յոյս ունենք, որ տուն ենք վերադառնալու»։