Պէտք է ստեղծուի անվտանգութեան ապառազմականացուած գօտի. Թաթոյեան

2021-12-06
Image

Սիւնիքի մարզի Կապան համայնքի Շիկահող գիւղին մէջ Ճակատեն-Կապան ճանապարհին ատրպէյճանական իրաւական հիմքերէն զուրկ, այսպէս կոչուած, սահմանային ու մաքսային վերահսկողութեան պատճառով մարդիկ կանգնած են անհատական բազմաթիւ խնդիրներու առաջ՝ կրթականէն մինչեւ գիւղատնտեսական: Այս մասին ֆէյպուքեան իր էջով գրած է Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը:

«... Ինձ համար ակնյայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քօղի ներքոյ ատրպէյճանական իշխանութիւնները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականութիւն. Սիւնիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. Նոյեմբերի 11-ից յայտարարուած ատրպէյճանական, այսպէս կոչուած, սահմանային ու մաքսային վերահսկողութիւնը որեւէ կապ չունի դրա նպատակների հետ:

Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Որքան էլ, օրինակ, տեղական մարմիններն աջակցեն, դա օբյեկտիվօրէն չի լուծում իրաւունքների այն զանգուածային խախտումների հարցը, որ առաջ է եկել ատրպէյճանական իշխանութիւնների, նրանց զինուած ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգութիւն, բնականոն կեանքի վերականգնում և այլն):

Ուստի, ելքը յստակ է՝ ատրպէյճանական զինուած կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարեւանութեամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին չպէտք է լինեն, պէտք է ստեղծուի անվտանգութեան ապառազմականացուած գօտի: Դա է ՀՀ բնակիչների իրաւունքները վերականգնելու ճանապարհը:

Ոչ ոք իրաւունք չունի անտեսել մարդու իրաւունքների եւ հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապուած գործընթացում:

Այս մասին հատուկ զեկոյցները Մարդու իրաւունքների պաշտպանը կը ներկայացնի միջազգային համապատասխան կառոյցներին, ինչպէս նաեւ ՀՀ մարմիններին եւ ՀԿ-ներին»: