Սահմանային գիւղերուն մէջ քաղաքայիններուն բնականոն կեանքը խաթարուած է. ՄԻՊ

2021-12-06
Image

Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան, որ աշխատանքային այցով Սիւնիք էր, ֆէյսպուքեան իր էջով գրառում կատարած է, որուն մէջ կ'ըսուի

«Այս տունը Ճակատենի բնակիչ Գէորգ Աւագեանի ընտանիքինն է, իսկ վերեւում՝ սարի վրայ ատրպէյճանական զինծառայողների դիտակէտ է: Նա զրկուել է ընտանիքի եկամուտից եւ շարունակում է մեծ վնասներ կրել ատրպէյճանական յանցաւոր արարքների պատճառով։

Մասնաւորապէս, Սիւնիքի մարզի Ճակատեն գիւղ մեր այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 քմ երկարութեամբ խողովակաշար են անցկացրել գիւղի մօտակայ բարձունքում գտնուող ջրի ակունքից՝ ծախսելով աւելի քան 2 միլիոն դրամ, սակայն ատրպէյճանական զինուած ծառայողների իրաւական որեւէ հիմք չունեցող տեղակայումներից յետոյ վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպուած են ջրի պաշարը հոգալ գիւղի այլ աղբիւրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարները չեն բաւականացնում բնակիչներին։

Այս նոյն ընտանիքը զրկուել է նաեւ իր արօտավայրերն օգտագործելու հնարաւորութիւնից, քանի որ ատրպէյճանական զինուած ուժերը ներկայ են այդ տարածքներում։

Փաստերն ակնյայտ են հաստատում, որ ատրպէյճանական զինուած կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագայ ամրացումները Հայաստանի գիւղերի անմիջական հարեւանությամբ եւ համայնքների միջեւ ճանապարհներին, բացարձակ զուրկ են իրաւական հիմնաւորումից: Նրանց արարքները յանցաւոր բնոյթի են, քանի որ միայն խորացնում են մարդկանց իրաւունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կեանքը եւ կատարւում են դիտաւորութեամբ: Այդ կերպ Հայաստանի բնակչութեանը (յատկապէս սահմանային բնակավայրերում) էլ աւելի մեծ հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում»: