Վա՛ր դրէք մանթատները. Սէյրան Օհանեանը Արցախի դրօշը տեղադրեց ԱԺ ամպիոնին, ընդդիմութիւնը հեռացաւ դահլիճէն

Խորհրդարանական ընդդիմութիւնը պիտի չմասնակցի քառօրեայ նիստերուն. պիտի մեկնի Հայաստանի սահմանամերձ մարզեր եւ Արցախի Հանրապետութիւն:
Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքին յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սէյրան Օհանեանը։
Ան եւ ընդդիմադիր միւս պատգամաւորները Արցախի դրօշներ տեղադրեցին սեղաններուն:
«Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Հայկ Մամիճանեանն ալ յայտարարեց, որ իրենք նոյնպէս պիտի չմասնակցին նիստերուն՝ պիտի մեկնին Արցախ:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Վահագն Ալեքսանեանն ալ հեռացուց ընդդիմութեան՝ ԱԺ ամպիոնին տեղադրած Արցախի դրօշը։
Ան, մօտենալով ամպիոնին, վերցուց Օհանեանի տեղադրած դրօշը՝ նշելով. «Երբ փառունակութիւնը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանութիւնը դառնում է ամենօրեայ հանապազօրեայ աշխատանք, պաշտպանութեան նախկին նախարարները ստիպուած են լինում Արցախի դրօշով գալ, ու այդ դրօշը դնել ԱԺ ամպիոնին:
Դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրօշը ճիշդ տեղերում դնելու փոխարէն ու այս դրօշի եւ Հայաստանի դրօշի ամրութիւնը ապահովելու փոխարէն զբաղուած են եղել մի բանով՝ թալանով: Գան էստեղ, պոպուլիստական ելոյթներ ունենան, թէ, իբր, իրենք Արցախ պահող են, Հայաստան պահող են ու մտահոգներ են: Բայց իրականում 30 տարում այդ նոյն բաները գոչելով հարստացրել են սեփական գրպանները ու սեփական ընտանիքների գրպանները: Անել այնպէս, որ մի «հասարակ մաքսաւոր», որը վերջերս անցնում է մի քրէական գործով, ունենայ միլիոնաւոր տոլարների ունեցուածք, 20 բնակարան Երեւանի կեդրոնում, մի քանի մեքենայ միլիոն տոլարն անցնող: Ես վստահ եմ՝ Արթուր Ղազինեանն այստեղից դուրս է եկել, հպարտ կեցուածքով նստել իր 300 հազար տոլարանոց մեքենան ու գնացել է՝ Արցախը փրկելու, պաշտպանելու: Նոյնը երեւի Սէյրան Օհանեանն ու մնացածը, էլ չեմ խօսում Սերժ Սարգսեանի մասին»:
Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան ԱԺ նիստին պատասխանեց «Հայաստան» եւ «Պատիւ Ունեմ» խմբակցութիւններու պատգամաւորներուն, ովքեր յայտարարեցին, որ խորհրդարանի նիստերուն պիտի չմասնակցին ու պիտի մեկնին Արցախ:
«Ուզում եմ մի հարց յղել ընդդիմութեան ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տուել Ռոպերթ Քոչարեանին, Սերժ Սարգսեանին եւ գործուղել այս մարդկանց այստեղ: Ես ուզում եմ հասկանալ` լաւ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու: Էս մարդիկ ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, ե՞րբ են իրենց վրայ պետութեան կողմից ծախսուած գումարները արդարացնելու: Այսինքն` օրէնսդրական նախաձեռնութիւնների քանակը, մատերի վրայ հաշուած օրէնսդրական նախաձեռնութիւններ, որոնք միտուած են Ռոպերթ Քոչարեանի դատավարութեան վրայ ազդեցութիւն ունենալուն:
Հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, ամենայայտնի չակերտաւոր հանդիպումը Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարութեան վերաբերեալ զեկոյցին դէմ քուէարկելն էր, դրանից յետոյ որեւէ էական ու լուրջ հանդիպման մասնակցութիւն չի եղել: Առաջարկներ վարչապետի հետ Արցախի թեմայի շուրջ հանդիպում անցկացնելու եւ իրավիճակի հետ կապուած տեղեկութիւն ստանալու մասին: Ոչ, գալ այստեղ ու ասել` ամէն ինչ գաղտնի են պահում եւ խուսափել բոլոր տեսակի խօսակցութիւններից: Զուգորդուած աշխատանք ատրպէյճական զինուած ուժերի հետ` յայտարարութիւն` սադրանք սահմանին, յայտարարութիւն` սադրանք սահմանին: Նիկոլ Փաշինեան-Վլատիմիր Փութին հանդիպում` յայտարարութիւն ու միթինկ:
Հէնց ամբողջը իրար հետ զուգորդուած է, սրանք զուգադիպութիւններ չեն, եւ սրա պատասխանը դուք պէտք է տաք: Ձեզ թւում է ինչո՞ւ էին այստեղ բոլորն այսօրուայ հաւաքուած այդ յայտարարութիւնն անում ու դուրս գալիս, որպէսզի սեղմուի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը պատգամաւորների հաշուին: Խմբակցութիւնը հանգիստ կարող էր յայտարարութիւն տարածել եւ ընդհանրապէս չգալ այս դահլիճ: Բայց չէ, պարտադիր պէտք էր գալ, գրանցուել, յետոյ դիմել աշխատակազմին` ասելով, որ սա քաղաքական շարժում է, խնդրում եմ մեր բացակաները համարել յարգելի եւ աշխատավարձից չպահել: Սա է մեր այսօրուայ ընդդիմութիւնը: Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր ընտրել են մեր ընդդիմութեանը: Ես հասկանում եմ` էն ժամանակ կար այսպիսի խօսակցութիւն` Մոսկուայից զանգել են, յետոյ այնտեղից ասացին` մենք հաստատ դառնում ենք իշխանութիւն: Մէկ էլ ՀՀ քաղաքացին ասաց` ես եմ այստեղ որոշողը: Ոչ մի մայրաքաղաքում չի որոշուելու ՀՀ ճակատագիրը: Եւ ստացուեց այն, ինչ ստացուեց, բա լաւ, ինչի՞ մանտաթները վայր չէք դնում, կարո՞ղ էք դնել: Վստահ եմ, որ չէք կարող: Եթէ այստեղ գործունէութիւն չէք ծաւալում, ինչո՞ւ էք գալիս այստեղ, ինչո՞ւ էք աշխատավարձ ստանում, ինչո՞ւ են այդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրւում, որ ձեր կայքերի համար նիւթեր ապահովէ՞ք: Գտէք ձեզ», ըսաւ Ալէն Սիմոնեանը: