Փաշինեան-Ալիեւ հանդիպումէն առաջ ո՞ւրու ձեռնտէ է պառակտել հայաստանեան հասարակութիւնը. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2022-04-05
Image

Փաշինեան-Ալիեւ հանդիպումէն առաջ ո՞րու պէտք է եւ ո՞ր կողմին ձեռնտու է պառակտել հայաստանեան հասարակութիւնը, խորացնել իշխանութիւն-ընդդիմութիւն ջրբաժանը, ալեկոծել ներհայաստանեան քաղաքական դաշտը, խնդիրներ ստեղծել Հայաստանի իշխանութիւններու համար։

Այս մասին «Ֆէյսպուք»-ի իր էջին անուղղակի հարցադրում ըրած է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարօն Չախոյեանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմութեան հրաւիրած հանրահաւաքին:

«1) Հայաստանի վարչապետը ի լուր աշխարհի խօսում է Ատրպէյճանի կողմից լայնամասշտաբ յարձակման լեկիթիմութեան (օրինականութեան) ձեւաւորման մասին, իսկ խորհրդարանական ընդդիմութիւնը յայտարարում է հանրահաւաքի մասին։ 

2) Հայաստանի վարչապետը խօսում է տարածաշրջանային էսկալացիա (մագլցում) յարուցելու՝ Ատրպէյճանի նպատակների մասին, խորհրդարանական ընդդիմութիւնը յայտարարում է հանրահաւաքի մասին։

3) Հայաստանի վարչապետը խօսում է Լեռնային Ղարաբաղում Ատրպէյճանի կողմից իրականացուող էթնիկ զտման մասին, խորհրդարանական ընդդիմութիւնը յայտարարում է  հանրահաւաքի մասին։

4) Հայաստանի վարչապետը խօսում է Լեռնային Ղարաբաղում Ատրպէյճանի կողմից ստեղծուած հումանիտար (մարդասիրական) աղէտի մասին, խորհրդարանական ընդդիմութիւնը յայտարարում է հանրահաւաքի մասին։

Ի դէպ, պատահական չէ ընտրուած նաեւ հանրահաւաքի օրը՝ ապրիլի 5-ին, քանի որ դրա յաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Բրիւքսէլում նախատեսուած է Փաշինեան-Ալիեւ հանդիպումը։

Հիմա հարց

Փաշինեան-Ալիեւ հանդիպումից առաջ ո՞ւմ է պէտք եւ ո՞ր կողմին է ձեռնտու պառակտել հայաստանեան հասարակութեանը, խորացնել իշխանութիւն-ընդդիմութիւն ջրբաժանը, ալեկոծել ներհայաստանեան քաղաքական դաշտը, խնդիրներ ստեղծել Հայաստանի իշխանութիւնների համար։

Պատասխանը միանշանակ է՝ միայն Ատրպէյճանին եւ մեր թիկունքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դէմ Ատրպէյճանի հետ դաւեր նիւթողին։

Եւ ուրեմն՝ ո՞ւմ շահերն է սպասարկում խորհրդարանական ընդդիմութիւնը։ Միանշանակ, ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի։ Խորհրդարանական ընդդիմութիւնը շարունակում է սպասարկել օտարերկրեայ շահեր՝ յուսալով, թէ կը կարողանայ Հայաստանում հասնել իշխանափոխութեան եւ դրա դիմաց գոնէ թուլափայ ստանալ»: