33 տարի առաջ այս օրերուն վերածնաւ ոչ միայն Արցախը, այլ նաեւ ողջ հայ ժողովուրդը. Նիկոլ Փաշինեան

2021-02-20
Image

33 տարի առաջ այս օրերուն վերածնաւ ոչ միայն Արցախը, այլ նաեւ ողջ հայ ժողովուրդը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորական ուղերձ յղած է Արցախի վերածնունդի օրուան կապակցութեամբ:

Ուղերձին մէջ ըսուած է.

«33 տարի առաջ այս օրերին սկսուեց ղարաբաղեան շարժումը: Այն յիրաւի շրջադարձային նշանակութիւն ունեցաւ հայ ժողովրդի հետագայ պատմութեան համար: Ղարաբաղեան շարժումն ազդարարեց անկախութեան համար մղուող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականութեան ոգին եւ ազատութեան շունչը: Այն մեր պետականութեան վերականգնման եւ աշխարհի ազգերի ընտանիքում մեր տեղը վերագտնելու գործընթացի առաջին քայլը հանդիսացաւ:

1988-ի փետրուարին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հազարաւոր մարդիկ ոտքի կանգնեցին իրենց իրաւունքները պաշտպանելու եւ սեփական հողի վրայ արժանապատիւ կեանքով ապրելու իրաւունքի մասին բարձրաձայնելու համար: Արցախցիների այդ քայլը, որն աննախադէպ խիզախութիւն էր այդ օրերի համար, իսկոյն արձագանգ գտաւ Հայաստանում` բոցավառելով մայրաքաղաք Երեւանի Ազատութեան հրապարակը:

33 տարի առաջ այս օրերին վերածնուեց ոչ միայն Արցախը, այլ նաեւ ողջ հայ ժողովուրդը: Արցախցիների ըմբոստ ոգու կայծը վառեց մեր սրտերը: Մենք մեր մէջ վերագտանք ազատ եւ անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականութիւնը:

Այսօր մենք նաեւ յիշում եւ մեր գլուխները խորնարհում ենք մեր հերոսների յիշատակի առջեւ: Յիշում ենք ղարաբաղեան առաջին եւ երկրորդ պատերազմներում, ապրիլեան եւ յուլիսեան մարտերում, մարտական հերթապահութեան ժամանակ զոհուած մեր բոլոր նահատակներին: Փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կեանքը նուիրաբերեցին յանուն մեր ժողովրդի ապագայի: Նրանց յիշատակն անմահ է: Նրանց գործը սրբազան եւ փառքի կրակն անմար: Զուր չէր նրանց սխրանքը եւ յաւիտենական է նրանց թողած ժառանգութիւնը:

33 տարի առաջ քաջ արցախցիների գործով վերածնուեց հայ ժողովուրդը: 32 տարի անց այսօր մենք վերստին վերածնուելու կարիքն ունենք: Եթէ այն օրերի վերածնունդը մեզ տարաւ դէպի ազատ ապրելու իրաւունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պէտք է տանի դէպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ եւ ժամանակի հետ համընթաց քայլող պետութեան կառուցում:

Խորն է մեր ցաւը, անբուժելի են մեր վէրքերը: Սակայն, մեր սուրբ նահատակների յիշատակը եւ նրանց գործը պահանջում են, որ մենք մեր ողջ կարողութեամբ լծուենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն:

Մեր նահատակների մահը զուր չի լինի, եթէ մենք անմնացորդ նուիրուածութեամբ լծուենք աշխատանքի` յանուն հզօր հայրենիքի, յանուն մեր երեխաների, յանուն մեր ապագայ նուաճումների:

Մեր ժողովրդի ոգին անկոտրում է: Արցախցու ոգին առաւել եւս անկոտրում է: Նրա ապրելու եւ արարելու ձգտումը՝ անսասան: Համոզուած եմ, որ ինչպէս շատ ազգեր, որոնք իրենց պատմութեան ընթացքում յայտնուել են ծանր մարտահրաւէրների առջեւ, հայ ժողովուրդը եւս շուտով կը բուժի անցած պատերազմի վէրքերը եւ էլ աւելի վճռական ու ամուր քայլերով կ'ընթանայ դէպի ապագայ:

33 տարի առաջ Արցախի վերածնունդով նոր էջ բացուեց մեր ժողովրդի պատմութեան մէջ: Մենք այսօր ոգեշնչւում ենք այն իտէալներով, որոնք սնեցին Արցախի վերածնունդը եւ պատրաստ ենք շարժուել առաջ մեր ազգային իղձերի եւ երազանքների իրականացման ուղիով:

Կեցցէ՛ Արցախի Հանրապետութիւնը,

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,

Կեցցե՛ն յանուն մեր ազատութեան զոհուած հայ ժողովրդի բոլոր զաւակները: