Ատրպէյճանցիները կը շարունակեն մեր տղոց հեռախօսներէն ու ընկերային ցանցերէն գրել, յոյսեր ներշնչել. Սամուէլ Մարտիրոսեան

Ատրպէյճանցիները մինչեւ այժմ կը շարունակեն մեր տղաներու հեռախօսահամարներէն ու ընկերային էջերէն, նաեւ՝ այլ անձանց անունով նամակներ գրել անոնց հարազատներուն, յոյսեր ներշնչել ու օրերով անհետանալ, դիմատետրեան իր էջին գրած է տեղեկատուական անվտանգութեան հարցերով փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը:
«Մի ծանր բան պէտք է գրեմ՝ որպէս զգուշացում մեր անյայտ կորած զինուորների ծնողներին, մտերիմներին, փորձեմ խօսքեր գտնել:
Ատրպէյճանցիները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախօսներից ու ընկերային ցանցերից գրել, յոյսեր ներշնչել։ Ամէն դէպքում իր ձեւով, տարբեր հնարքրներ են փորձում։
Մէկ զինուորի անունից են գրում, մէկ այլ մարդու, մէկ զինուորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու յետոյ անջատւում օրերով, յետոյ նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մէկ այլ անձի անունից գրում, յոյսեր տալիս ու էլի կորում։ Մինչեւ հիմա շարունակում են մարդկանց ցաւ պատճառել։ Ամէն դէպքում աշխատում են ամենացաւոտ բանին խփել՝ յոյսին»,- գրած է փորձագէտը։