100է աւելի Հադրութցիներու տրամադրուած է ժամանակաւոր կացարան

2020-12-26
Image

Պատերազմի հետեւանքով բազմաթիւ արցախցիներ մնացին անտուն` թշնամուն թողնելով իրենց ողջ գոյքն ու տարիների ստեղծածը: Տեղահանուած արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակաւոր կացարաններում, հիւրատներում եւ հիւրանոցներում:

Հայաստան Համահայկական հիմնադրամը յանձն է առել հադրութցի ընտանիքների կեցութեան եւ սննդի կարիքների լուծումը. 100ից աւել արցախցիներ ժամանակաւորապէս բնակութիւն են հաստատել տարբեր հիւրանոցներում` յոյս ունենալով, որ շուտով բոլոր դժուարութիւններն անցեալում կը մնան:

Ի դէպ, օրեր առաջ հիմնադրամի փոխտնօրէն Արարատ Խլղաթեանը այցելել էր Արցախ եւ հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանի եւ քաղաքաշինութեան նախարար Արամ Սարգսեանի հետ: Քննարկուել են Համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացուող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:

«Հիմնադրամը կը փորձի ֆինանսաւորել պատերազմի հետեւանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար Հիմնադրամը շուրջ 2 միլիոն դոլար կը ներդնի», ասել է հիմնադրամի գործադիր տնօրէն Հայկակ Արշամեանը:

 

(Հաղորդագրութիւնը՝ հիմնադրամէն)