Հաղորդագրություն՝ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության
ՌԱԿ Հանրապետական վարչության որոշմամբ Վարչության արտագնա նիստեր են գումարվելու կուսակցության շրջանային բոլոր ակումբներում` նպատակ ունենալով տեղերում հանդիպելու կուսակից ընկերների հետ, փոխադարձ սերտ ծանոթություն հաստատելու Վարչության և ակումբների անդամների միջև, անմիջական շփումներով քննարկումներ ծավալելու ակումբների գործունեության և նրանց ծրագրերի շուրջ:
Առաջին արտագնա նիստը գումարվեց 2024թ. ապրիլի 28-ին Գյումրիի Շիրակի շրջանային գրասենյակում` նախագահությամբ ՌԱԿ ատենապետ ընկեր Հրաչյա Կարապետյանի:
Վարչության անդամները մասնակից եղան Շիրակի շրջանակի «Արագած» ավագների և «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբների անդամական երկու ժողովներին:
Շիրակի շրջանակի ատենապետ Հովիկ Կարապետյանը անվանական ներկայացրեց Հանրապետական վարչության անդամներին, փոխադարձաբար ակումբների անդամները ներկայացան ՌԱԿ ղեկավար քաղաքական գործադիր մարմնին:
Ընկեր Հրաչյա Կարապետյանը և փոխատենապետ Կարեն Կակոյանը ժողովների ընթացքում ակումբայիններին ներկայացրեցին հանրապետության ներքին և արտաքին քաղաքական արդի իրավիճակը, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները, որոնց շուրջ ՌԱԿ սկզբնական կառույցների անդամները մտքեր փոխանակեցին:
Շեշտելով, որ կուսակցությունը ազգային ավանդական է, «Արագած» ակումբի անդամներից մի քանիսը նկատեցին, որ անհրաժեշտություն է զգացվում կուսակցության ակտիվ կառուցողական քննադատական դիրքորոշում հանրապետության իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականության շուրջ. մասնավորապես նկատվում է ազգային արժեքներից հետզհետե հեռացում, Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործառույթի ոչ ամբողջական, հատվածաբար իրականացում, որը բերում է ժողովրդի որոշակի զանգվածների դժգոհության, և այլ հարցեր: Նշվեց, որ ՌԱԿ-ը պետականամետ է, որը կշարունակվի առանց կուսակցության սկզբունքներից շեղվելու:
Քննարկվեցին նաև ներկուսակցական հարցեր, շրջանակի ակումբների խնդիրներն ու անելիքները, հարց դրվեց ծավալել ավելի ակտիվ գործունեություն, գերակա համարվեց քաղաքական դաշտում ավելի շատ հանդես գալու ուղղվածությունը` մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, մարզային և համայնքային քաղաքական կյանքին, ծրագրերին և նախաձեռնություններին:
Վարչությունը հատուկ կարևորեց երիտասարդական ակումբի գործունեության ընդլայնումը, ուսանող երիտասարդության ներուժի օգտագործումը, նրանց հետաքրքրող նպատակային միջոցառումների հաճախակի կազմակերպումը:
ՀՎ անդամները արձանագրեցին, որ արտագնա նիստը անչափ արդյունավետ էր, շփումները կարևոր էին, ուստի նիստեր կանցկացվեն բոլոր մարզային կառույցներում:
ՌԱԿ Հանրապետական վարչության
մամլո դիվան