«Կանգնում ենք սահմանին, որ հովիւները կարողանան անասուններին արածացնեն»․Արավուսի վարչակազմի ղեկավար

Սիւնիքի մարզի Արավուս գիւղի տղամարդիկ դիմած են համապատասխան մարմիններուն, որ իրենց ընդգրկեն աշխարհազօրի կազմին մէջ եւ թոյլ տան սահմանապահներու հետ հսկեն սահմանի՝ գիւղի մօտով անցնող հատուածը:
«Հիմա զինուորները կանգնած են, բայց այն չէ, ինչ մենք էլ իրենց հետ կանգնենք, վերջիվերջոյ 3 պատերազմ անցած մարդիկ ենք, աւելի անվտանգ կը լինի, էլի։ Մեր դիմաց թուրքերը 13 դիրք ունեն, ամէն դիրքում 30-40 հոգի կանգնած են, դրանից բացի ջոկատն էլ մեր գիւղից 2 քմ սարի ետեւն է»,- ըսած է Արավուս համայնքի վարչակազմի ղեկավար Արգամ Յովսէփեանը։
Արավուս գիւղը սահմանազատումէն ետք զրկուած է արօտավայրերէն: Սահմանը գիւղի վերջին տունէն ընդամէնը 100 մեթր հեռու է: Արօտավայրերու բացակայութեան պատճառով գիւղացիները վաճառած են իրենց անասուններու մեծ մասը՝ 75%-ը։ Արավուս գիւղի մէջ էր, որ քանի մը օր առաջ հովիւի հետ կապուած միջադէպ գրանցուած էր․ ատրպէյճանցիները սահմանին զէնքով սպառնացած էին արավուսցի հովիւին, փորձած էին անոր սահմանի մօտէն տեղափոխել իրենց խրամատ, այնուհետեւ լսելով մօտեցող գիւղացիներու ձայնը, հարուածած էին հովիւի աչքին ու հեռացած։
«Հիմա մենք կանգնել ենք այնտեղ, իրենք արածացնում են։ Խնդրել ենք ջոկատի հրամանատարին, որ մեզ հրամանագրեն, որ գնանք իրենց դիրքից 10 մեթրի վրայ կանգնենք, որ չկարողանան ինչ-որ բան անել։ Դէպքից յետոյ զինուորներին էլ ենք զգուշացնում, գիւղի տղաներով էլ գնում ենք, կանգնում, մինչեւ կը գրանցեն»,- ըսած է Յովսէփեանը։
Արավուս համայնքի վարչակազմի ղեկավարի խօսքով՝ իրենց խոստացած են, որ կարճ ժամանակ անց յանձնաժողով կը ստեղծուի եւ սահմանագծում, սահմանազատում կը կատարուի, որմէ ետք յոյս ունին, որ կորսուած արօտավայրերը իրենց կը վերադարձնեն։
«Հիմա նրանք 62 հեքթար մեր վարելահողերից վերցրել են GPS-ների միջոցով, դրանք վկայականով, քարտէզներով մեր հողերն են: Սպասում ենք, ասացին՝ ինչ-որ յանձնաժողով պիտի գայ, երեւի Մոսկուայից մեր կառավարութեան հետ համատեղ քարտէզներով սահմանագծում, սահմանազատում անելու համար, մենք էլ սպասում ենք, յուլիսից հունձ պէտք է սկսենք, ի՞նչ ենք անելու, յոյսներս այդ վարած, ցանած հողն է։ Ես ամէն օր հետաքրքրուում եմ, վերեւներին եմ ասում, մարզպետարանին եմ ասել, մեր ջոկատի հրամանատարի հետ եմ խօսել, ասացին, որ յանձնաժողով է գալու»,- նշած է Արգամ Յովսէփեանը։
Արավուս համայնքին մէջ շուրջ 40 տնտեսութիւն կայ, անոնց կէսէն աւելին օրուայ ապրուստը կը վաստակի անասնապահութեան միջոցով։