«Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ–էն». Ալեն Սիմոնեան

ՀԱՊԿ-էն շատ դժգոհ ենք։ Այս մասին 16 սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը։
«Մենք շատ դժգոհ ենք, այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացւում։ Մենք շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թէ ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչը նախատեսուած է։ Մենք դրանից հետեւութիւններ ենք անելու եւ անում ենք։ Մենք հիմա էլ ենք սպասում։ Պատկերացրէք, մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում, մենք դրանով առնուազն կարող ենք հարուածել»,- ըսած է Ալեն Սիմոնեան։
Դիտարկման, որ այդ նաեւ ուղիղ յարաբերութիւն է Ռուսիոյ Դաշնութեան հետ, Ալեն Սիմոնեանը պատասխանած է. «Եւ մենք ունենք Ռուսաստանի հետ փոխօգնութեան պայմանագիր։ Մեր ռուս գործընկերներից նոյնպէս ակնկալում ենք շատ աւելի շօշափելի քայլեր ոչ թէ յայտարարութիւնների մակարդակով կամ կցկտուր ինչ-որ կիսատ խօսքերի մակարդակով։ Ես իմ անհամաձայնութիւնն եմ յայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերութիւնը օրինակ՝ ցոյց է տալիս ռեպորտաժներ, որտեղ որ Հայաստանի ղեկավարութեան հանդէպ հնչում են սադրիչ յայտարարութիւններ։ Անկեղծ չենք հասկանում, թէ ինչ մարտավարութիւն է»։
Անդրադառնալով ԱՄՆ Քոնկրէսի Ներկայացուցիչներու պալատի խօսնակ Նենսի Փելոսիի յառաջիկայ այցին Հայաստան՝ ԱԺ նախագահն ըսած է, որ ան իր հրաւէրով կու գայ։
ԱԺ նախագահը նշած է, այցի համար մեծ աշխատանք տարած է ՀՀ դեսպանը, քաղաքական խումբը, ապա աւելցուցած, որ այցը, այնուամենայնիւ, քաղաքական որոշում է։
«Դա նաեւ գնահատական է ժողովրդավարութեան աստիճանին, որը գոյութիւն ունի Հայաստանում։ Եւ ես շնորհակալ եմ խօսնակ Փելոսիին, որ հենց այս ժամանակ նախ չչեղարկեց իր այցը, որովհետեւ այցի մասին ես գիտէի աւելի վաղ։ Եւ ասեմ, որ նրա այցելութիւնը Հայաստան Հանրապետութիւնում շատ մեծ դեր կ'ունենայ հենց անվտանգութեան առումով»
Հարցին, թէ ինչ Հայաստանը ինչ կ'ակնկալէ Փելոսիի այցէն, Ալեն Սիմոնեանն ըսած է, որ Հայաստանն իր բոլոր գործընկերներէն կ'ակնկալէ անվտանգութեան հնարաւորինս մեծ երաշխիքներ։ «Մեր ամենամեծ խնդիրը անվտանգութիւնն է։ Տնտեսութեան մասով մենք ․․․ ակնյայտ է, որ տնտեսութիւնն աճում է, եւ եթէ այս ամէն ինչը չլինի, մենք շատ աւելի արագ կը գնանք առաջ։ Այսօր մեր թիւ մէկ խնդիրը անվտանգութիւնն է եւ մեր բոլոր շփումներն առաջնահերթ դրա մասին են»,–ըսած է ան։