«Մենք ժողովրդի կողքին ենք». Նիկոլ Փաշինեանն ու Գագիկ Ծառուկեանը հանդիպել են

2021-07-08
Image

Շարք մը քաղաքական ուժերու ղեկավարներու հետ կայացող խորհրդակցութիւններու շրջածիրէն ներս վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը հանդիպած է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի հետ:

Հանդիպման վերաբերեալ ՀՀ վարչապետի պաշտօնական կայքը յայտնած է, որ Նիկոլ Փաշինեանը շնորհակալութիւն յայտնած է Գագիկ Ծառուկեանին հանդիպման հրաւէրն ընդունելու համար եւ նշած. «Մեր գնահատականը ես արդէն հրապարակել եմ. դա այն է, որ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում ներքաղաքական ճգնաժամը յաղթահարուեց: Կարծում ենք, որ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր հնարաւոր միջոցները ձեռնարկել՝ մեր համազգային, հանրային լաւագոյն ներուժն այդ մարտահրաւէրների լուծման հարցում համախմբելու եւ համագործակցութեան ուժերը մէկտեղելու, ճիշդ ձեւաչափեր գտնելու ուղղութեամբ:

Ի հարկէ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը երկար տարիներ շատ շօշափելի դերակատարում ունի Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքում: Այս ընտրութիւնների արդիւնքում նա չի յաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, սակայն կարծում եմ, որ կուսակցութիւնը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կեանքում: Ի հարկէ, վերջին ամիսներին դժուար իրադարձութիւնների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցեալ տարի հանդիպելու, ի հարկէ կարճատեւ, քննարկելու հնարաւորութիւն ունեցել ենք: Ես կ'ուզենայի լսել Ձեր տեսակէտները՝ քաղաքական կեանքի հետագայ ընթացքի վերաբերեալ, թէ ինչ կարող ենք անել, որպէսզի արտախորհրդարանական ընդդիմութիւնն ընդհանրապէս, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը մասնաւորապէս, եւ կառավարութիւնը փոխադարձաբար աւելի լսելի լինեն միմեանց, որովհետեւ կարծում եմ, որ առաւել եւս այս իրավիճակում պէտք է ունենալ այնպիսի հաղորդակցութեան ձեւաչափեր, որ լաւ գաղափարները հնարաւորութիւն ունենան կեանքի կոչուելու: Չեմ կարծում, թէ լաւ գաղափարներ ծնուում են միայն նրանց մօտ, ովքեր աւելի շատ ձայն են հաւաքում խորհրդարանական ընտրութիւններում: Եւ եթէ քաղաքական դաշտի միւս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցուելու ցանկութիւն լինի՝ մենք պատրաստ ենք հնարաւորն անելու, որպէսզի դրանք դրուեն, այսպէս ասած, իրագործման հոսքագծի վրայ: Այնպէս որ, շատ հետաքրքիր կը լինի լսել Ձեր դիրքորոշումներն այս հարցի վերաբերեալ»:

Գագիկ Ծառուկեանը յայտարարած է. «Պարոն, վարչապետ, ընտրութիւններից յետոյ ես ինչպէս շնորհակալութիւն յայտնեցի ժողովրդին, ընտրութիւնների մասնակիցներին, մեզ ձայն տուողներին, այնպէս էլ ասացի, որ մանտաթով չէ ամէն ինչ պայմանաւորուած, մանտաթը չկայ, ուրեմն մենք ժողովրդի հետ չենք, չենք շփուելու: Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղեակ ենք պահել մեր տեսակէտը, մեր մօտեցումը, թէ ինչպէս կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամէն ինչից, մենք խորհրդարանում ենք, թէ ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կը բերի, մեր հնարաւորութիւնների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք»: