«35 տարի յետոյ էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ». Արայիկ Յարութիւնեան

2023-02-20
Image

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան ուղերձ յղած է Ղարաբաղեան շարժման 35-րդ տարեդարձի առթիւ։ Ուղերձին մէջ ըսուած է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1988 թուականի փետրուարի 20-ը հայ ժողովրդի պատմութեան մէջ մտաւ որպէս շրջադարձային ու վճռորոշ օր եւ դարձաւ մեր ազգային ոգու վերածննդի, համայն հայութեան միասնականութեան ու համախմբման խորհրդանիշ: Այն նշանաւորուեց որպէս Արցախի վերածննդի օր:

Այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցած ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց պատմական որոշում, որով իրաւական ուժ ստացաւ իր իրաւունքների ու ազատութիւնների, ազգային արժանապատւութեան պաշտպանութեան համար արցախահայութեան բազմամեայ պայքարը: Մենք ի լուր աշխարհի յայտարարեցինք հայրենի հողում ազատ, անկախ ու միաւորուած ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինելու մեր վճռական ու անսասան կամքի մասին:

35 տարի յետոյ էլ մեր որոշումը մնում է անփոփոխ, ոգին՝ անկոտրում, ուղին՝ անշեղ: Աւելի քան երկու ամիս շրջափակման մէջ գտնուող Արցախի ժողովուրդն իր տոկունութեամբ ու հաստատակամութեամբ ապացուցեց, որ ինչպէս պատմական 88-ին, այնպէս էլ այսօր տէր է իր ընդունած որոշմանը, տէր է իր ընտրած ուղուն եւ իր պապերի հողին, որը միշտ եղել է ու պէտք է լինի հայկական:

Մենք խորապէս շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս դժուարին ճանապարհին, մեր բոլոր հայրենակիցներին Մայր Հայաստանում եւ Սփիւռքում, Արցախի հաւատարիմ բարեկամներին աշխարհի տարբեր ծայրերում, ովքեր իրենց աջակցութեամբ անսպառ ուժ են հաղորդում մեզ՝ յանուն համամարդկային արժէքների, ժողովրդավարութեան հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանութեան մեր պայքարում:

Գլուխ եմ խոնարհում հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին իրենց կեանքը նուիրաբերած մեր նահատակների պայծառ յիշատակի առջեւ: Նրանք միշտ մեզ հետ են, մեր կողքին եւ առաջնորդում են մեզ Արցախի ապագայի կերտման մեր ճանապարհին: Մենք պարտաւոր ենք անել ամէն ինչ, որպէսզի իրականութիւն դառնան մեր հերոսների նուիրական իղձերն ու նպատակները:

Թող Աստուած խաղաղութիւն, ուժ ու եռանդ, ամուր հաւատ ու յոյս պարգեւի մեր ժողովրդին՝ արժանապատուօրէն յաղթահարելու բոլոր փորձութիւններն ու կեանքի կոչելու համազգային ծրագրերն ու երազանքները»: