Ալիեւ կը շարունակէ ատելութեան քարոզը. ՄԻՊ

2021-09-07
Image

ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը դիմատետրեան իր էջին գրառում ըրած է՝ տեղեկացնելով, որ առանձնացուցած են Ատրպէյճանի նախագահի՝ Շուշի եւ Ապշերոն կատարած այցերու ընթացքին հայատեացութիւն ու թշնամանք առաջացնող հատուածները։

ՄԻՊ գրառումը կը ներկայացնենք ստորեւ․

«Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմն այս անգամ էլ առանձնացրել է Ատրպէյճանի նախագահի՝ 2021թ. Օգոստոսի 26-ին Ապշերոն եւ Օգոստոսի 31-ին Շուշի այցերի հրապարակային ելոյթների այն հատուածները, որոնք գեներացնում են (կ'առաջացնեն) հայատեացութիւն ու թշնամանք։ Հայերէն ու անգլերէն տարբերակներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանութեան ու իրաւապահ մարմինների, ինչպէս նաեւ ՀԿ-ներին՝ իրենց գործունէութեան մէջ օգտագործելու նպատակով:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրութիւնները եւ նիւթերի մշտադիտարկումը ատրպէյճաներենով վկայում են, որ Ատրպէյճանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելոյթներով եւ ուղերձներով գեներացնել ատելութիւն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի բնակչութեան նկատմամբ, տալիս է սպառնալիքներ, անում վիրաւորական ու թշնամանք բորբոքող արտայայտութիւններ: Ընդ որում, նրա ելոյթներն այնպիսին են, որ ակնյայտօրէն հասնում են ֆաշիզմի:

Այդ քաղաքականութեան հետեւանք են այն դաժանութիւնները, խոշտանգումներն ու սպանութիւնները, որոնք ատրպէյճանական զինուած ուժերի ծառայողներն իրականացրել են հայկական կողմի զինուորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ: Այդ քաղաքականութեան ուղիղ հետեւանքներն են ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքների խախտումները:

Ընդ որում, մշտադիտարկումը վկայում է, որ ամէն նման ելոյթից կամ ուղերձից յետոյ տեղի են ունենում կրակոցներ ՀՀ սահմանային գիւղերի, ինչպէս նաեւ այդ գիւղերի անմիջական հարեւանութեամբ տեղակայուած ՀՀ դիրքերի վրայ, վիճակն աւելի է լարուում: Տեղի են ունենում փոխհրաձգութիւններ, գրանցուում են զինուորականների սպանութեան ու վիրաւորանքի դէպքեր:

Այսինքն՝ առկայ է յստակ պատճառական կապ:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը մշտապէս իրականացնում է ատրպէյճանական իշխանութեան մարմինների ուղերձերի ու ելոյթների ուսումնասիրութիւն՝ պետական հովանաւորչութեամբ թշնամանքի ու հայատեաց քաղաքականութեան ապացոյցները փաստագրելու նպատակով:

Նիւթերն ուսումնասիրուում են առաջնային աղբիւրներից՝ ատրպէյճաներէնով:

Այս ամէնն իրականացուում է մարդու իրաւունքների խախտումները կանխարգելելու, առկայ ոտնահարումները վերացնելու նպատակով»: