Այո՛, ես այդ թուղթը պիտի ստորագրեմ, որովհետեւ այն 100 տոկոսով կը համապատասխանէ ՀՀ ազգային շահերուն. Նիկոլ Փաշինեան

Միջազգային մեր գործընկերներու եւ Հայաստանի դիրքորոշումները, ըստ էութեան, նոյնական են. այն է՝ Ատրպէյճանի ԶՈՒ ներկայացուցիչները պէտք է լքեն ՀՀ տարածքը: Այս մասին, այսօր՝ 20 մայիսին, կառավարութեան նիստի սկիզբը յայտարարեց վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:
«Սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրուած է: Բայց բնականաբար, սա չանելու համար Ատրպէյճանը օգտագործում է որոշակի լծակներ, գործողութիւններ եւ Հայաստանում ունի անսպասելի կամ արդէն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ:
Ես ԱԽ նախորդ նիստերից մէկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատուական պայքարը երբեմն աւելի կարեւոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ատրպէյճանը Հայաստանի քաղաքական վերնախաւում ունի տեղեկատուական պայքարի գործակալներ: Ընդ որում, այդ մարդկանց գործունէութիւնը նոր չի: Գուցէ այս խնդիրն ամբողջ աշխարհում կայ, բայց այդ մարդիկ 2020-ին Ատրպէյճանին հրաւիրում էին յարձակուել Հայաստանի վրայ՝ հրապարակային, բաց: Այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, տարբեր տեղերում ցոյց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարաւորինս ապահով հատել ՀՀ սահմանը: Հիմա այդ մարդիկ Ատրպէյճանին աջակցում են, որպէսզի այն դիւանագիտական աշխատանքը, որ անում ենք, դրանք իրագործելուց խուսափելու հնարաւորութիւն ունենան: Հերթական անգամ հիւսւում է ՀՀ կառավարութեան կողմից գծագրուող դաւադրութիւնը ընդդէմ ՀՀ-ի»,-ըսած է Փաշինեանը:
Ան ընդգծած է, որ շատ անյարգալից իրադրութիւն ունինք ՀՀ հանրութեան հանդէպ. «Համացանցում հրապարակուում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկուած է, սեւով փակած է: Եւ դա ներկայացուում է որպէս ապացոյց, որ ՀՀ կառավարութիւնը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթէ այդպէս է, դրա տողերը ոչ թէ պէտք է թաքցուեն, այլ դրա տողերը բացուեն, ներկայացուեն հանրութեանը: Ինչո՞ւ էք թաքցնում:
Այս գործողութիւններն այլ կերպ քան Ատրպէյճանի տեղեկատուական գործակալական ցանցի գործունէութիւն ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ տէ եուրէ (օրինականպէս) ինչ ձեւակերխում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պէտք է վերլուծել, թէ այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբիւրը, որ կարող են ստանալ, Ատրպէյճանն է: Որովհետեւ եռակողմ խօսակցութիւն է գնում ՌԴ, ՀՀ եւ Ատրպէյճան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ատրպէյճանից:
Այն լուծումները, որոնք մեր միջազգային գործընկերներու հետ ձեռք բերուած են նախնական համաձայնութիւններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթէ Ատրպէյճանը այդ պայմանաւորուածութիւններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խօսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-ըսած է Նիկոլ Փաշինեանը՝ աւելցնելով, որ հիմա այդ թուղթը պիտի չհրապարակէ, որովհետեւ ճիշդ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցութիւններ կ'ընթանան: