Ատրպէյճանական զինուած ուժերու ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի արօտավայրի հովիւի շուրջ 20 ձի. ՄԻՊ

2021-06-07
Image

ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպանի աշխատակազմի փաստահաւաք աշխատանքները պարզած են, որ 6 Յունիս 2021-ին`ժամը 13:30-ի սահմաններուն, ատրպէյճանական զինուորական ծառայողները փորձած են գողնալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արօտավայրի հովիւի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձի: Այս մասին կը տեղեկանանք ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանի դիմատետրեան էջէն:

«Մասնաւորապէս, հովիւի 20 ձիերը, արածելով, մի փոքր մօտեցել են ատրպէյճանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայուած են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ատրպէյճանական զինուած ծառայողներն, օգտուելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արօտավայրի ուղղութեամբ եւ փորձել են գողանալ բոլոր ձիերը:

ՀՀ զինուած ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիւ է կանխուել ատրպէյճանական զինծառայողների գողութեան փորձը:

Դէպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արօտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան եւ աշնան ամիսներին բնակուում են քաղաքացիական բնակիչներ եւ արօտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերաւոր կենդանիներին (այս վայրերն ընդունուած է անուանել սարատեղիներ):

Մարդու իրաւունքների պաշտպանի փաստահաւաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ատրպէյճանական զինուած ծառայողները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ դրսեւորում են բացայայտ յանցաւոր արարքներ:

Նրանք, փաստօրէն, ուղիղ դիտաւորութեամբ կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչութեան նկատմամբ` կեանքի եւ այլ կենսական իրաւունքներից, անասնապահութեամբ զբաղուելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից զրկելու նպատակով:

Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ այս յանցաւոր արարքները սկսուել են, երբ նրանք Մայիսի 12-ից սկսած կեղծ քարտէզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Ատրպէյճանական զինուած ուժերի այս յանցաւոր արարքները պէտք է դիտարկել միասնական դիտաւորութեան մէջ` հաշուի առնելով այն, որ նրանք նոյն արարքները կատարում են նաեւ ՀՀ Սիւնիքի մարզի սահմանային գիւղերի, ինչպէս նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գիւղերի բնակիչների` հովիւների նկատմամբ:

Շարունակական փաստահաւաք աշխատանքներն ակնյայտ են վկայում, որ ատրպէյճանական զինուած ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրաւունքները կոպիտ խախտող այս արարքները կապուած են ատրպէյճանական իշխանութիւնների հովանաւորչութեամբ հայատեաց ու թշնամանքի քաղաքականութեան հետ:

ՀՀ բնակչութեան իրաւունքների պաշտպանութիւնը ատրպէյճանական զինուած ուժերի հանցաւոր արարքներից բացարձակ հրատապութեամբ պահանջում է անվտանգութեան գօտու առկայութիւն:

Այսօրուայ միջադէպը եւս ակնյայտ ցոյց է տալիս, թէ ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգութիւնը տարածաշրջանում եւ խաղաղութիւնը վերականգնելու հեռանկարները»,- յայտնած է Թաթոյեանը: