Ատրպէյճանական կողմը խախտած է ռուս խաղաղապահներու միջնորդութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը. Արցախի ՄԻՊ

2021-04-28
Image

25 Ապրիլին ատրպէյճանական կողմը խոչընդոտած է 25 հայ ուխտաւորներու մուտքը Դադիվանք, ուր Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի սպասաւորներու կողմէ նախատեսուած էր իրականացնել ձեռնադրման արարողութիւն։ Այս մասին իր դիմատետրեան էջին յայտնած է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանեանը:

 

«Ապրիլի 25-ին ատրպէյճանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտաւորների մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանեայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասաւորների կողմից նախատեսուում էր իրականացնել ձեռնադրման արարողութիւն։

Հաւատացեալների մուտքը Դադիվանք ակնյայտօրէն կեղծ եւ անհիմն պատրուակներով խոչընդոտելով՝ ատրպէյճանցի զինուորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարեւոր հոգեւոր արարողութիւնը։

Սրանով իսկ ատրպէյճանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը, որի համաձայն՝ հայ հաւատացեալները կարող են մուտք գործել եւ հոգեւոր արարողութիւններ իրականացնել Դադիվանքի վանքում։

Հոգեւոր-կրօնական իրաւունքներն ու ազատութիւններն ամրագրուած են Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով եւ միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգութիւն է մարդու արժանապատուութեան, նրա իրաւունքների եւ ազատութիւնների դէմ։

Իրեն մշակութային եւ կրօնական բազմազանութեան երկիր յայտարարած Ատրպէյճանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում եւ ոչնչացնում է իր տիրապետութեան տակ յայտնուած տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժէքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրութիւններն ու հետքերը եւ արհեստականօրէն խոչընդոտում հայ հաւատացեալների մուտքը հոգեւոր վայրեր։

Այս միջադէպի մասին եւս ԱՀ մարդու իրաւունքների պաշտպանը կը տեղեկացնի միջազգային համապատասխան կառոյցներին՝ կոչ անելով յստակ մեխանիզմներ կիրառել Ատրպէյճանի անօրինական գործողութիւնների դէմ»,- գրած է ան։