Ատրպէյճանը ամէն ինչ կ'ընէ՝ խաղաղութիւնը խոչընդոտելու համար. Նիկոլ Փաշինեանի պատասխանը Ալիեւին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը արտահերթ ընտրութիւններուն քաղաքացիներէն ստացած է Հայաստանի եւ Արցախի համար խաղաղ դարաշրջան բանալու մանտաթ: Այս մասին, 15 Յուլիսին, կառավարութեան նիստի ժամանակ յայտարարած է վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը:
Ան, մասնաւորապէս, նշած է. «Այդ մանտաթը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձեւաւորում, տարածաշրջանային կոմունիկացիաների (հաղորդակցութեան) բացում, տարածաշրջանային կայունութեան եւ տեւական խաղաղութեան հաստատում: ԱԺ արտահերթ ընտրութիւններից յետոյ սական տեղի ունեցաւ եւ տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հաւանականութիւնը, որ Ատրպէյճանը ի հեճուկս միջազգային ասպարէզներում արուած խաղաղասիրական յայտարարութիւնների, ամէն ինչ անելու է խաղաղութիւնը տարածաշրջանուկմ խոչընդոտելու համար եւ սա անելու է մի մարտավարութեամբ, որը նոյնպէս կանխատեսելի է՝ ցոյց տալով, որ Հայաստանը կամ Արցախը իբր դէմ են խաղաղութեանը, դէմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին եւ այս ֆոնին ագրեսիւ (յարձակողական) քաղաքականութիւն կառուցելու կեղծ հիմնաւորումներ է ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաեւ վերջին ամիսներին:
Մասնաւորապէս, Ռուսաստանի, Հայաստանի, Ատրպէյճանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բաւականին կառուցողական եւ արդիւնաւէտ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների (հաղորդակցութիւններու) բացման վերաբերեալ, եւ Ատրպէյճանի անհասկանալի յայտարարութիւնները այսպէս կոչուած, Զանգեզուրի միջանցքի մասին, որեւէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, եւ որ առաւել կարեւոր է Յունուարի 11-ի Մոսկուայի եռակողմ յայտարարութեան բովանդակութեան հետ, որը բացայայտում է, թէ ինչ է նշանակում եւ ինչպէս պէտք է իրագործուի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայատարարութեան 9-րդ կէտը:
Իմ մեկնաբանութիւնը միանշանակ է. Ատրպէյճանը միջանցքի մասին յայտարարութիւններ անում է եռակողմ աշխտանքային խմբի գործունէութիւնը խաթարելու, եւ տարածաշրջանային կոմունիկացիաների (հաղորդակցութիւններու) բացում թոյլ չտալու համար: Ինչու, որովհետեւ Ատրպէյճանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամեայ քաղաքականութիւնը: Բայց մենք առանց սեթեւթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխտանքային խմբում, Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղութեամբ եւ Ռուսաստանի եւ միջազգային մեր գործընկերների աջակցութեամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների (հաղորդակցութիւններու) բացմանը, այսինքն Հայաստանի ապաշրջափակմանը»: