Ատրպէյճանցիները հրդեհած են Նորաբակ գիւղէն դէպի Ազատ տանող ճանապարհի հատուածը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը դիմատետրեան իր էջին գրառում ըրած է՝ տեղեկացնելով, որ ատրպէյճանական բանակի զինծառայողները հրդեհած են Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի հարեւանութեամբ գտնուող տարածքները։
Գրառումը եւ հրապարակուած տեսանիւթը կը ներկայացնենք ստորեւ․
«Ատրպէյճանական զինծառայողները, ըստ ահազանգերի, Սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի հարեւանութեամբ, Նորաբակ գիւղից դէպի Ազատ տանող ճանապարհի հատուածում (ատրպէյճանական դիրքի անմիջական հարեւանութեամբ):
Ըստ այս պահի տուեալների՝ այրուել է մօտ 40 հա արօտավայր, որի խոտը սակաւութեան պատճառով բնակիչները հնձում են՝ որպէս անասնակեր։
Ըստ ահազանգերի՝ Կութ գիւղում հրդեհի նոր օճախներ չկան. ծխացող հատուածներ են, որոնք գիւղի ուղղութիւնից թեքուել են ատրպէյճանական դիրքերի կողմ (բայց խօսքը ՀՀ ինքնիշխան տարածքի եւ ՀՀ գիւղերի բնակիչների կողմից օգտագործուող կամ նրանց պատկանող հողատարածքների մասին է): Սոթք գիւղի հարեւանութեամբ եւս առաջացել է հրդեհի նոր օճախ:
Ատրպէյճանական զինծառայողների այս արարքների հետեւանքով Օգոստոսի 29-ից սկսած արդէն քանի օր է ոչնչացուում են քաղաքացիական բնակիչների պատկանող արօտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկուում են ապրուստի աղբիւրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների աւելացման:
Հրդեհներն իրական վտանգ են քաղաքացիական բնակչութեան կեանքի, նրանց ողջ սեփականութեան համար. եղանակային պայմաններն էլ աւելի են նպաստում տարածմանը:
Նշուած ահազանգերը ստուգուել են ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատուել են առարկայական ապացոյցներով:
Հրապարակում եմ մէկ տեսանիւթ: Բոլոր նիւթերը սահմանուած կարգով կամփոփուեն եւ վերլուծուած կ'ուղարկուեն միջազգային կազմակերպութիւններին, ՀՀ համապատասխան մարմիններին ու ՀԿ-ներին»: