Ատրպէյճանցիները Տեղ գիւղի բնակիչներուն արգիլած են հաւաքել խոտը. զինուորականներու ու կամաւորներու հսկողութեամբ կազմակերպուած է բերքի տեղափոխումը

Երէկ ատրպէյճանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մէջ հրազէնով սպառնացած են Սիւնիքի մարզի Տեղ գիւղի բնակիչներուն եւ թոյլ չեն տուած հաւաքել հնձած խոտը: Այս մասին յայտարարութիւն տարածած է ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը:
«Երէկ ատրպէյճանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մէջ հրազէնով սպառնացել են Սիւնիքի մարզի Տեղ գիւղի բնակիչներին եւ թոյլ չեն տուել հաւաքել հնձած խոտը:
Մասնաւորապէս, 2021թ. Յունիսի 26-ին Տեղ գիւղի բնակիչները գնացել են սեփականութեան իրաւունքով իրենց պատկանող հողատարածք, որպէսզի հաւաքեն Յունիսի 23-ին եւ 24-ին իրենց իսկ հնձած խոտը:
Երբ գտնուել են ատրպէյճանական դիրքից մօտ 300 մեթր հեռաւորութեան վրայ՝ Տեղ համայնքի վարչական տարածքի մէջ, նկատել են, որ ատրպէյճանական 5 զինուած ծառայող ագրեսիւ (յարձակողական) պահուածքով եւ գոռգոռալով մօտենում են իրենց:
Մօտ 150 մեթր մօտենալով՝ նրանք դէպի գիւղացիներն են ուղղել զէնքերը եւ սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թոյլ չեն տուել հաւաքել խոտը: Նրանցից երկուսն առաւել ագրեսիւ պահուածքով են եղել ու գիւղացիներից պահանջել են, որ այդ տարածքներ այլեւս ընդհանրապէս չգան եւ չփորձեն օգտուել հողերից:
Միջադէպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչուող վայրում, որը գտնուում է Տեղ, Արաւուս եւ Խնածախ գիւղերի հատման կէտում: Այդ վայրի հողատարածքներից օգտուում են նշուած երեք գիւղի բնակիչները:
Այդտեղ առկայ են ինչպէս մարդկանց մասնաւոր սեփականութեան իրաւունքով, այնպէս էլ համայնքներին պատկանող հողամասեր: Այստեղ առկայ են նաեւ արօտավայրեր, որոնք օգտագործում են նշուած երեք գիւղերի բնակիչները՝ իրենց եղջերաւոր կենդանիներին արածեցնելու համար:
Գիւղացիները կարողացել են խոտը հաւաքել միայն այսօր՝ Յունիսի 27-ին, երբ այդ վայր են գնացել ՀՀ զինուած ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը, Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները:
Այս տեղեկութիւնները Մարդու իրաւունքների պաշտպանին ներկայացրել են գիւղերի բնակիչները, այդ թուում՝ խոտ հաւաքելու գնացած գիւղացիները, ինչպէս նաեւ Տեղ խոշորացուած վարչական շրջանի ղեկավարը: Բոլոր տեղեկութիւնները Պաշտպանի աշխատակազմը ստուգել է:
ՀՀ քաղաքացիների նկատմամբ ատրպէյճանական զինծառայողների այս յանցաւոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում:
Ակնյայտ է, որ ատրպէյճանական զինծառայողների նման բացայայտ յանցաւոր արարքներն ուղղուած են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կեանքի եւ այլ կենսական իրաւունքներից, անասնապահութեամբ զբաղուելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից զրկելուն: Այս ամէնը պէտք է դիտել շարունակուող դիտաւորութեան մէջ, քանի որ նոյնատիպ արարքներ (հովիւներին սպառնալիքներ, կենդանիների գողութիւններ եւ այլն) նրանք պարբերաբար են կատարում թէ՛ Գեղարքունիքի, թէ՛ Սիւնիքի գիւղերի բնակիչների նկատմամբ:
Այս դէպքը եւս մէկ անգամ հաստատում է, որ ատրպէյճանական զինուած ուժերի յանցաւոր արարքներից ՀՀ բնակչութեան պաշտպանութիւնը բացարձակ հրատապութեամբ պահանջում է անվտանգութեան գօտու առկայութիւն»,- ըսուած է յայտարարութեան մէջ: