Ատրպէյճանցի զինծառայողներու առկայութիւնը ՀՀ Սիւնիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներուն հակաիրաւական է․ ՄԻՊ

2021-02-08
Image

Ատրպէյճանցի զինծառայողներու առկայութիւնը ՀՀ Սիւնիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներուն զուրկ է իրաւական որեւէ հիմքէ։ Այս մասին դիմատետրի իր էջին գրած է ՀՀ Մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը։ Ըստ անոր՝ Հայաստանի սահմաններու որոշման գործընթացը տեղի կ'ունենայ պատերազմի ու ուժի կիրառութեան սպառնալիքների ներքոյ:

Գրառումն ամբողջութեամբ՝ ստորեւ․

«ՀՀ Սիւնիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ատրպէյճանական զինուած ծառայողների (նաեւ դրօշների ու ցուցանակների) առկայութիւնը հակասում է մարդու իրաւունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրաւունքի գերակայութիւնը եւ հետեւաբար՝ զուրկ է իրաւական որեւէ հիմքից: 

Նրանք այդ վայրերում են յայտնուել, քանի որ՝

 1) Արցախում հայերի նկատմամբ իրականացրել են էթնիք զտումների ու ցեղասպան քաղաքականութիւն ահաբեկչական մեթոտներով. 

2) խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինուորականներին, կատարել են այլ դաժանութիւններ (կենդանի մարդկանց գլխատումներ, մարմինների անարգանք եւ այլն). 

3) Արցախի դէմ օգտագործուել են ճիհատիստներ ու ԻԳԻԼ (ISIS) ահաբեկիչներ, որոնք հայերի նկատմամբ կատարել են պատերազմական յանցագործութիւններ ու դաժանութիւններ. 

4) Արցախի քաղաքացիական բնակավայրերը ենթարկել են դիտաւորեալ զանգուածային աւերածութիւնների, այդ թուում՝ արգելուած ողկուզային զինատեսակներով. 

5) պատերազմն առաջին օրից ուղեկցուել է հայատեացութեան խրախուսման պետական քաղաքականութեամբ ու հայերի նկատմամբ էթնիք պատկանելիութեան հիմքով թշնամանքի հրահրմամբ (տարիների համակարգային քաղաքականութիւն). 

6) պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանուել է աւելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետեւանքով անօթեւան է մնացել շուրջ 40,000 մարդ. 

7) Ատրպէյճանի եւ Թուրքիայի բարձրագոյն իշխանութեան մարմինները Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի մասին բացայայտ են խօսում ցեղասպանութեան սպառնալիքների լեզուով (օրինակ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ի Պաքուի ռազմական միջոցառումը). 

8) Ատրպէյճանի իշխանութեան բարձրագոյն մարմինները, հանրային գործիչները վիրաւորում են հայերին, ողջ հայ ժողովրդին` արժանապատւութիւն նուաստացնելու նպատակով ու դա խրախուսում են, հրապարակայնօրէն հրահրում են ատելութիւն. 

9) Հայաստանի սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում պատերազմի ու ուժի կիրառութեան սպառնալիքների ներքոյ. 

10) պատերազմի ուժի սպառնալիքների պատճառով սահմանների որոշումը տեղի է ունենում մեխանիքական մեթոտներով ու անթոյլատրելի արագութեամբ՝ առանց մասնագիտական աշխատանքների, միջազգային կանոնների կոպիտ խախտումներով. 

11) անտեսուած են Հայաստանի սահմանային բնակիչների իրաւունքներն ու օրինական շահերը. 

12) գործընթացն ուղեկցւում է Հայաստանի սահմանային բնակիչների սեփականութեան, տնտեսական գործունէութեան ու ընկերային-տնտեսական միւս իրաւունքների կոպիտ խախտումներով (իրենց գոյքից զրկուած ու անօթեւան մնացած մարդիկ). 

13) լրջօրէն վտանգուել են Սիւնիքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակիչների ու, առհասարակ, Հայաստանի ողջ բնակչութեան կեանքի, արժանապատւութեան, ֆիզիքական եւ հոգեկան անձեռնմխելիութեան եւ կենսական կարեւորութեան միւս իրաւունքները. 

14) սահմանային բնակավայրերի բնակիչների համար առկայ չէ կանխատեսելիութիւն կամ գործողութիւններն անորոշ են, առկայ չէ որեւէ տեսակի ժամանակացոյց: Ուստի, նկարագրուած մօտեցումներով սահմանների որոշումը չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցութեանը. հակառակը` պարարտ հող է ստեղծելու Ատրպէյճանում չդադարող հայատեացութեան ու թշնամանքի, մարդու իրաւունքների շարունակական կոպիտ խախտումների ու այլ վտանգաւոր դրսեւորումների համար: