Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանած է օտարերկրեայ քաղաքացիներու՝ Արցախ մուտք գործելու նորացուած ընթացակարգը

2021-02-09
Image

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանութիւն տարածած է օտարերկրեայ քաղաքացիներու՝ Արցախի Հանրապետութեան տարածք մուտք գործելու նորացուած ընթացակարգի վերաբերեալ։

 

Մեկնաբանութեան մէջ նշուած է.

«Անվտանգութեան նկատառումներից ելնելով՝ յետպատերազմեան պայմաններում գործում է օտարերկրեայ քաղաքացիների՝ Արցախի Հանրապետութեան տարածք մուտք գործելու նորացուած ընթացակարգ: Արցախի Հանրապետութիւն այցելել ցանկացող օտարերկրեայ պետութիւնների քաղաքացիները նախապէս պէտք է դիմեն Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւն՝ Արցախ մուտք գործելու թոյլտւութիւն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածւում է ինչպէս այն օտարերկրեայ քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպէս էլ՝ այն պետութիւնների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ:

Դիմումների վերաբերեալ տեղեկատւութիւնը փոխանցւում է նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշուի առնելով անվտանգութեան նկատառումները։

Յայտերի հաստատումից յետոյ այդ մասին տեղեկացւում են դիմում ներկայացրած օտարերկրեայ քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտօնագրերը ստանում են Երեւանում՝ Արցախի Հանրապետութեան մշտական ներկայացուցչութիւնում, որից յետոյ կարող են ժամանել Արցախ։

Ինչ վերաբերում է ժամկէտներին՝ համապատասխան աշխատանքներ են տարւում մեխանիզմի կատարելագործման ուղղութեամբ։ Մուտքի թոյլտւութիւնը կը տրամադրուի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. ի հարկէ` երբեմն գործընթացը կարող է աւելի երկար տեւել, որի մասին դիմում ներկայացրած օտարերկրեայ պետութեան քաղաքացին կը տեղեկացուի։

Մեխանիզմը գտնւում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետութիւն նշուած ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրեայ լրատուամիջոցների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ»։