Արցախի Ազգային Ժողով. «Կը դիմենք ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհուրդ»ին

Արցախի Ազգային ժողովը յայտարարութիւն ընդունած է Արցախի Հանրապետութեան ժողովուրդին սպառնացող մարդասիրական աղէտը կանխելու մասին։
Յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ըսուած է.
«Խախտելով միջազգային իրաւունքի բոլոր նորմերը, ինչպէս նաեւ 2020 թուականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցման մասին եռակողմ յայտարարութեան դրոյթները` երէկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպէս կոչուած, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակւում է մինչ այժմ: Պաշտօնական Պաքուի կողմից անմիջականօրէն կազմակերպուած այս սադրիչ գործողութիւնները միտուած են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մէջ բռնի կերպով ընդգրկելու մշակուած ծրագրերի իրականացմանը: 2020 թուականի նոյեմբերի 9-ից յետոյ Ատրպէյճանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ յայտարարութիւնը, ապօրինի կերպով զաւթել է Արցախի Հանրապետութեան բազմաթիւ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպանել եւ ահաբեկել խաղաղ բնակչութեանը` ամէն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունէութիւնը: Բնապահպաններ ներկայացողների պահանջները եւ գործողութիւնները զուրկ են փաստարկուած հիմնաւորումներից, քանի որ Արցախի Հանրապետութեան կողմից նախորդ 30 տարիներին հարեւան ատրպէյճանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչութեան հանդէպ որեւէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրուել, ինչը խօսում է Արցախի Հանրապետութեան` որպէս պատասխանատու եւ միջազգային իրաւունքի նորմերը յարգող սուբյեկտի մասին:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը փաստում է, որ Ատրպէյճանի ռազմաքաղաքական իշխանութիւնների այս գործելաոճը ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, միջազգային պարտաւորութիւնների, միջազգային իրաւունքի սկզբունքների ու նորմերի կոպտագոյն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանութեան եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:
Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պարտաւոր են ձեռնարկել առարկայական եւ գործուն քայլեր` Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ անխափան ցամաքային կապի վերականգման եւ Արցախի Հանրապետութեան քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան նպատակով:
Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնութիւնից` որպէս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կողմ եւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան երաշխաւոր, անյապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ատրպէյճանի առաւելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայութեան գոյութեան եւ իր հայրենի հողում ապրելու իրաւունքը, ինչպէս նաեւ ռուսական խաղաղապահ առաքելութեան հեղինակութիւնը:
Կոչ ենք անում միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ատրպէյճանի ցեղասպան քաղաքականութիւնը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրաւիրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:
Դիմում ենք Հայաստանի եւ Սփիւռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարաւորութիւնները`տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ատրպէյճանի կողմից Արցախում ստեղծուած հումանիտար աղէտի մասին, տէր կանգնելու արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ու պատրաստ լինելու այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործողութիւններ իրականացնելու:
Սիրելի´ հայրենակիցներ,
Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում:
13 դեկտեմբերի, 2022թ.
ք, Ստեփանակերտ»։