Ես ունիմ կեանքի ու նախագահական երդում, որ չեմ կրնար դրժել. Արայիկ Յարութիւնեան

2021-06-23
Image

Ես չեմ կրնար խախտել իմ երդումը: Այս մասին 22 Յունիսին Ստեփանակերտի մէջ կայացած հանրահաւաքի ժամանակ յայտարարած է Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը՝ ի պատասխան հրաժարական տալու կոչերուն: «Յիմարութիւն կը լինի կարծել, որ ինձ դուր է գալիս այս իրավիճակը եւ որ անձամբ ես շահագրգռուած եմ շարունակել պաշտօն զբաղեցնել: Կամ որ կառչում եմ աթոռից: Ես ինձ պատասխանատու եմ զգում մեր սերունդների առաջ: Այնքան պատասխանատու, որ անհեռատես գործողութիւններով կամ փախչելով չեմ կարող ոչնչացնել մեր պետականութիւնը: Ես այդպիսին չեմ:

Նրանք խօսում են փախչելու եւ դաւաճանութեան մասին, եւ այն մասին, որ թշնամին կրակ չի բացել նախագահական նստավայրի ուղղութեամբ: 44-օրեայ պատերազմի ընթացքում ես 38 այց եմ կատարել պատերազմի ամենաթէժ կէտեր: Բոլորը, ովքեր առաջնագծում են եղել, գիտեն այդ մասին: Քարվաճառից մինչեւ Եղնիկներ եւ Ճապրայիլ՝ շփման գծի բոլոր ուղղութիւններով: Ամէն տեղ եղել եմ: Ասում են՝ շէնքի ուղղութեամբ կրակ չի բացուել:

Իսկ դուք հարցրէք՝ ես ընդհանրապէս այդ շէնքո՞ւմ էի, որ դրա ուղղութեամբ կրակէին», - ըսած է ան: Ըստ անոր՝ ոմանք կը շահարկեն Հայաստանի ու Արցախի յարաբերութիւնները: «Պէտք է հասկանալ, որ երկու երկրների ղեկավարները պարտաւոր են նորմալ յարաբերութիւններ պահպանել՝ անկախ նրանից, թէ ով է Հայաստանում իշխանութեան ղեկին: Առանց Հայաստանի հետ ներդաշնակ աշխատանքի ինչպէ՞ս էք պատկերացնում աւելի քան 35 հազար քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը: Այս խնդրի պատճառով Մարտակերտի եւ Շահումեանի տասնեակ հազարաւոր քաղաքացիներ զրկուած են մեր երկրում ապրելու հնարաւորութիւնից:

Այսօր իւրաքանչիւր ժամը կարեւոր է, եւ մենք պէտք է համախմբուենք այս խնդիրները լուծելու համար՝ անկախ քաղաքական հայեացքներից: Յետպատերազմեան շրջանում եւս Հայաստանը կարեւոր դեր է խաղում Արցախի կեանքում՝ պիւտճէթային յատկացումներից մինչեւ ընկերային աջակցութիւն», - աւելցուցած է Յարութիւնեանը: