Ես պատրաստ եմ բոլոր քարտէզները ինծի հետ տանելու եւ Ատրպէյճանի նախագահին կոչ կ'ընեմ իր հետ բերելու մեր բոլոր գերիները. Փաշինեան

2021-10-04
Image

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան վերահաստատած է Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու պատրաստակամութիւնը եւ անդրադարձած՝ գերիները վերադարձնելու ու ականապատ տարածքներու քարտէզներու հարցին: Այս յայտարարութիւնը կառավարութեան ղեկավարը կատարած է Վիլնիւսի մէջ հայ համայնքի ներկայացուցիչներու հետ հանդիպման` պատասխանելով ներկաներէն մէկուն հարցին:

«Տեսէք, Ատրպէյճանի նախագահը յայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ Յուլիսին եմ յայտարարել, որ մենք պատրաստ ենք ե՛ւ բարձր, ե՛ւ բարձրագոյն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, ե՛ւ արտաքին գործոց նախարարների մակարդակով, ե՛ւ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովում ունեցած ելոյթում յայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, եւ կարող եմ ասել, որ մի քանի ագամ արդէն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների յայտարարութիւնները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտութիւնը», ըսած է Նիկոլ Փաշինեան: 

Այս ծիրին մէջ, վարչապետը նշած է, որ ինչպէս նախապէս այնպէս ալ հիմա կը յայտարարէ, որ պատրաստ է հանդիպելու Ատրպէյճանի նախագահին հետ։ «Ենթադրուող յառաջիկայ հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտէզները, որոնց մասին խօսւում է, իսկ խօսւում է այն քարտէզների մասին, որոնք Հայատանի եւ Ատրպէյճանի զինուած ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակութիւն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակութիւն, որովհետև գտնւում են Ատրպէյճանի զինուած ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտէզներն ինձ հետ տանել եւ Ատրպէյճանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»։

Վարչապետը աւելցուց. «Ատրպէյճանի նախագահը բողոքում է, որ այդ քարտէզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լաւը չէ: Տեսէք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տուել ենք այն քարտէզները, որ ունենք, այսինքն այնպէս չէ, որ լաւ որակի քարտէզները պահել ենք դարակում, վատ որակի քարտէզները տուել ենք։ Ես չեմ բացառում եւ նաեւ գիտեմ, որ քարտէզների որակի հետ կապուած խնդիր կայ, ինչո՞ւ, որովհետեւ քարտէզի որակը կախուած է քարտէզագրողի որակից, նրա փրոֆեսիոնալ հմտութիւնից, ինչ քարտէզագրել է, այն էլ ունենք։ Եւ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որեւէ մէկին խաբելու մտադրութիւն չունենք, որովհետեւ այստեղ խօսքը ոչ միայն Ատրպէյճանի մասին է, այլեւ մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատուաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որեւէ այլ բան այլ կերպ անել։

Մենք տուել ենք այն քարտէզները, որ ունենք, մենք ուրիշ քարտէզներ, նկատի ունեմ, արդէն իսկ փոխանցուած տեղանքի առումով, ուրիշ քարտէզներ ուղղակի չունենք։ Եւ սա փաստ է, ու սա պէտք է արձանագրել որպէս իրողութիւն։ Ինչ վերաբերում է վստահութեանը, պարզ է, որ այս իրավիճակում Ատրպէյճանը մեզ չի վստահում, մենք Ատրպէյճանին չենք վստահում եւ ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպէս շարժուենք առաջ, որ գոնէ ինչ-որ վստահութիւն ձեւաւորուի։ Այդ վստահութիւնն ինչո՞ւ է կարեւոր, որ կարողանանք, այո՛, նաեւ հումանիտար հարցերն աւելի արագ լուծել, եւ մեր գերեվարուած եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ», նշած է վարչապետ Փաշինեան։